Մաշտոցի պուրակից բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում
Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 անձանցից 6-ի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել կամ դրանց կազմումն ընթացքի մեջ է:
Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Նաև տեղեկացրեցին, որ ոստիկանություն «տարված» Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կենտրոնի բաժնում:
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիայի մասնակիցներից յոթին՝ Գևորգ Սաֆարյանին, Անի Խաչատրյանին, Աննա Շահնազարյանին, Արսեն Օհանյանին, Միքայել Էլիզբարյանին, Դվին Իսանյանին և Ռոլանդ Թմոյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
Հավելենք, որ բողոքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ են Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի կապակցությամբ Ֆրանսիայի հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը: Երիտասարդները պահանջում են չփոփոխել պուրակի անվանումը, իսկ Միսաք Մանուշյանի անվամբ մեկ այլ վայր անվանակոչել: