
Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմին. Գյուլ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմին. «Խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է առավելագույն ձևով պատրաստ լինել պատերազմի:
Թուրքիան չի ցանկանում պատերազմ և ձգտում է պահպանել տարածաշրջանի կայունությունը: Եվ չնայած դրան՝ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմին: Թեև յուրաքանչյուր երկիր ձգտում է խուսափել պատերազմից, մենք անհրաժեշտության դեպքում պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք դրան:
Թուրքիայի զինված ուժերը շարունակ հզորացվում են, ինչն անհրաժեշտություն է: Հենց Թուրքիան է առաջինն արտադրում հայրենական կործանիչ, և միայն հետո՝ սեփական արտադրության քաղաքացիական ինքնաթիռ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Գյուլը հայտարարել էր, թե Թուրքիան հպարտանում է իր բանակով, և չնայած դրան՝ այն ունի արդիականացման կարիք: Գյուլի խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրներն արդիականացնում են իրենց զինված ուժերը, և Թուրքիան չպետք է դառնա բացառություն:
Ի դեպ, 1990-ական թվականներին Թուրքիայում կարծում էին, որ երկրի զինված ուժերը պետք է ունակ լինեն միաժամանակ 2.5 պատերազմ մղելուն: