«Հիմա ոնց որ մեկն այստեղ կրակի». Ավանում հնչած կրակոցները վկայի համար անսպասելի են եղել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2013թ. Ավանում մարտի 23-ին հնչած կրակոցների փաստով հարուցված գործի քննությունը: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդների. նրանք մեղադրվում են սպանության փորձ կատարելու, զենքի գործադրմամբ խուլիագնություն կատարելու և ապօրինի հրազեն կրելու մեջ:

Դատարանում ավարտվեց գործով տուժող Ա.Ս-ի հարցաքննությունը: Դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին՝ արդյոք իր դեմ ոտնձգություն լինելու դեպքում տուժողն իր կամքով կհայտնե՞ր ոստիկանությանը, Ա. Ս.-ն բացասական պատասխան տվեց: «Ես իմ հարցերը սովոր եմ ես լուծեմ»,- հայտնեց տուժողը:

Դատարանում մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց տուժողի նախաքննական ցուցմունքը. տուժողը երեք անգամ էր ցուցմունք տվել և դատարանում ցուցմունքի հրապարակումից հետո հայտնեց, որ իր առաջին երկու ցուցմունքներում «պակաս բաներ» կան, իսկ երրորդ ցուցմունքը ճիշտ է:

Նախաքննության ընթացքում նա նշել էր, որ իր կարծիքով կրակոցների արձակումը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ դեպքի օրը շենքի բակ մտնելու ժամանակ հանդիպակաց ընթացող մեքենան տեսադաշտ չունենալու պատճառով միանգամից հայտնվել է իր մոտ, որի պատճառով ինքը կտրուկ արգելակել է, զայրացել վարորդի վրա, իսկ երբ վերջինս իրեն հարցրել է, թե ինչ ասաց, ինքը պատասխանել է. «Հո դու շառ չե՞ս, այ վիժվածք»:

Դատարանում այսօր տուժող Ա. Ս.-ն հայտնեց, որ փոխել է իր կարծիքը, և, ըստ նրա՝ կրակոցների պատճառը հավանաբար Երևան-Բերդ ճանապարհին իր քեռու թոռան (նա ևս գործով տուժող է ճանաչվել) և մեկ այլ ավտոմքենայի վարորդի միջև տեղի ունեցած միջադեպն է եղել:

Ըստ գործի նյութերի՝ իրար երկար նայելու, վազանց կատարել չթույլատրելու պատճառով գործով տուժողը հայհոյել է ավտոմեքենայի վարորդին, որի մասին իմացել են վարորդի ընկերները և որոշել գտնել տուժողին, մի քանի ապտակ հասցրել տուժողին՝ հնչեցրած հայհոյանքների պատճառով: Տուժողը դատարանում հայտնեց, որ կրակոցներից ինքը վիրավորվել է, ընկել գազոնի վրա, այդ ժամանակ իրեն է մոտեցել մի անձնավորություն և առաջարկել հիվանդանոց տանել:

Դատարանում այսօր տուժողը հայտնեց նաև, որ իր վրա կրակող անձը իր կարծիքով իրեն սպանելու նպատակ չի ունեցել. տուժողի խոսքով՝ եղել են սպանելու բոլոր հնարավորությունները և ցանկացողը կարող էր սպանել. «Ընկած մարդուն հնարավոր չէ՞ սպանել եթե ուզենաս զենքը ձեռքիդ»:

Դատարան որպես վկա հրավիրվել էր նաև գործով ամբաստանյալներից մեկի եղբայրը:

Նա դատարանում հրաժարվեց ցուցմունքներ տալ՝ օգտվելով մերձավորի դեմ չվկայելու իր իրավունքից, և դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ իր եղբայրը (վերջինս այժմ ամբաստանյալի կարգավիճակում է) իրեն պատմել է, որ 2013թ. մարտի 22-ին իրենց երկու ընկներները Շամշադինից Երևան վերադառնալու ճանապարհին վազանցել են «Prado» մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդը հայհոյանքներ է տվել:

Ըստ վկայի՝ եղբայրն իրեն պատմել է, որ նրա երկու ընկներները չեն կարողացել հարցերը պարզաբանել «Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, քանի որ նրանց ավտոմեքենան ճանապարհին խափանվել է, այնուհետև ընկերները պարզել են «Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդի բնակության վայրը, մեկ անգամ գնացել նրանց շենքի բակ, դուրս կանչել, սակայն չեն հասցրել մոտենալ, քանի որ «Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է շենքի բակից՝ հայհոյելով տղաներին:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ իր եղբայրն իրեն ասել է, որ պետք է անպայման տեսնի «Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և նրան մի քանի «չափալախ տա՝ լկտի պահվածքի համար»:

Ամբաստանյալի եղբայրը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ հաջորդ օրը ինքը եղբոր հետ գնացել է «Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդի բնակության վայր, որտեղ էլ կրակոցներ են հնչել:

Վկան հայտնել էր, թե ինքը տեղյակ չի եղել, որ եղբոր մոտ ատրճանակ է եղել, իսկ ինքն ու եղբայրը կրակոցներից հետո գետնին ընկած տղամարդուն առաջարկել են  տեղափոխել հիվանդանոց:

Գործով վկաներից մյուսն էլ հաստատեց, որ իրենք ցանկացել են միայն մի քանի ապտակներ տալ՝ հնչեցրած հայհոյանքների համար: Վկան հայտնեց, որ դեպքի վայրում կրակոցները անսպասելի են հնչել: «Հիմա ոնց որ մեկն այստեղ կրակի»,- իրավիճակը նկարագրեց վկան: Վերջինս հայտնեց նաև, որ միայն կրակոցների հնչելուց հետո է իմացել, որ դեպքի մասնակիցների մոտ ատրճանակ կա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս