ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտադրել է 90 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ կապված Հյուսիսային Կիպրոսը զավթելու հետ
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 90 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ կապված 1974 թվականին Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը գրավելու հետ:
Ընդգծվում է, որ Անկարան այդ գումարը պետք է վճարի Կիպրոսի ղեկավարությանը, որից 30 միլիոն եվրոն բաժին կընկնի Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ անհետ կորածների ընտանիքներին: Կիպրոսի ղեկավարության կողմից ՄԻԵԴ-ին ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ 1974 թվականից հետո 1491 մարդ ցայժմ համարվում է անհայտ կորած, իսկ 211.000 մարդ էլ դարձել է հարկադիր վերաբնակ:
Հիշեցնենք, որ 2012 թվականին հաղորդվել էր, թե 1959-2011 թվականներին Թուրքիայի դեմ ՄԻԵԴ-ում ներկայացվել է 2404 դատական հայց, որով Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը ՄԻԵԴ-ում:
ՄԻԵԴ-ը 2011 թվականին ամենաշատն է դատապարտել Թուրքիային: 2011 թվականին ՄԻԵԴ-ը 159 վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ: Թուրքիային է բաժին ընկել ԵԽ-ի անդամ 47 երկրների դեմ կայացված դատավճիռների 15 տոկոսը: 1995-2010 թվականներին ՄԻԵԴ-ն ավելի քան 2200 վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ։
2012 թվականի աշնանն էլ ՄԻԵԴ-ը բավարարել էր Թուրքիայի դեմ 13 կիպրացիների կողմից ներկայացված դատական հայցը։ Կիպրացիները տուժել էին 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի զավթումից, որը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»։
Նրանք Թուրքիայից փոխհատուցում էին պահանջում իրենց կորսված ունեցվածքի ու տների համար, ինչն էլ բավարարվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Վերջինս Թուրքիային պարտավորեցրել էր 20.830.000 եվրո վճարել 13 կիպրացիներին։