
Մենք չենք կարող ընտրություն կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Օլանդ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր այցը տեղի է ունենում Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին՝ խոստանալով, որ առաջիկա օրերին իրենք կոնկրետ որոշում են ընդունելու ուկրաինական ճգնաժամի հարցով:
Հիշեցնելով, որ այսօր երեկոյան ժամանելու է Հայաստան՝ Օլանդն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային 20-ամյա գործընթացում չի գրանցվել առաջընթաց. «Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, վրա նույնպես ընկած է մեծ պատասխանատվություն:
Մենք այդ բանակցությունները շարունակում ենք նաև Հայաստանի հետ: Ֆրանսիան ջանքեր է գործադրում հակամարտության փուլային կարգավորման ուղղությամբ, որի մասին վկայում է վստահության առկայությունը: Մի շարք հարցեր դեռ խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը:
Իմ այցերը Հայաստան ու Ադրբեջան, հանդիսանում են հակամարտության կարգավորման ճանապարհին ջանքերի գործադրում: Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, մենք չենք կարող ընտրություն կատարել նրանց միջև:
Մենք առաջարկել ենք նորովի նայել հակամարտության կարգավորմանը՝ կազմակերպելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ֆրանսիան մշտապես հանդես է եկել նման նախաձեռնություններով»:
Օլանդը, ուշադրություն հրավիրելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի վրա, հայտարարել է, որ էներգետիկ գործընկերության հարցում համընկնում են Ֆրանսիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները: