«Միկոյանի հանցանքը Հայաստանի առաջին հանրապետությունը կործանելու մեջ է». քաղաքագետ
«Ո՞վ է Միկոյանը: Ազգությամբ հայ է: Հետո՞ ինչ»,-այսօր քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրելու հարցի մասին:
Քաղաքագետը մի շարք փաստեր ներկայացրեց. «1918 թվականին Շահումյանի հետ կատարելով Թուրքական պետության` Օսմանյան Թուրքիայի դաշնակից Ռուսաստանի բոլշևիկյան իշխանության կամքը, հատուկ խաղ է խաղացել, որի հիմնական բովանդակությունը եղել է Բաքվի նավթի պաշտպանությունը Ռուսաստանի համար` անկախ նրանից` Բաքվում հայ կմնա՞, թե՞ ոչ: Ավելին ասեմ, 1918 թվականին` օգոստոսի կեսերին, երբ Շահումյանի հետ փախան, Ցենտրոկասպիի կառավարությունը պետական դավաճանության մեջ մեղադրեց, եթե բռնել էին, գնտակահարելու էին»:
Քաղաքագետը նկատեց, որ երբ 1918 թվին հայկական ճգնաժամը հասնում էր գագաթնակետին, և Արմենիքենդում սպանդը սեպտեմբերին պետք է սկսվեր, հայ բոլշևիկները բոլորը Բաքվից փախչել էին. «Մենք գիտենք, որ հայ ժողովրդի ճգնաժամը Բաքվում տեղի ունեցավ սեպտեմբերին: Ո՞ւր էին բոլշևիկները: Եթե հայ էին, եթե ուզում են կիսանդրին դնել այստեղ: Նրանք պետք է թքեին Ստալինի վրա, Լենինի վրա և իրենց ազգային, գենետիկական ծագմանը հարազատ մնային Բաքվում, կռվեին հայ ժողովրդի հետ այնպես, ինչպես Ռոստոմը, Աբրահամ Գյուլխանդարյանը, ինչպես Համազասպը (որին այստեղ բոլշևիկները կացնով քառահատեցին` իր ազգային դիմագիծը չփոխելու համար): Ո՞ւր էին այդ բոլշևիկները»։
Ըստ Լ.Շիրինյանի` եթե մեր զինվորների Ռոստոմի, Արամ Մանուկյանի փոխարեն դառնում են Միկոյանները, ուրեմն զինվորը, երիտասարդությունը ո՞ւմ էպաշտպանելու. «Արձանը պատմական հուշ է, քաղաքական գնահատական է: Այսօր էլ կարող են լինել քաղաքական գործիչներ Միկոյանի նման, պատեհապաշտներ,որոնք կարող են Հայաստանի ճակատագրի հետ խաղալ: Ի՞նչ է եղել որ»:
Բանախոսը նկատեց` Միկոյանի հանցանքը նույնիսկ Բաքուն չի, Միկոյանի հանցանքը Հայաստանի առաջին հանրապետությունը կործանելու մեջ է. «1920 թվականին սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի ունեցավ արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ հրեա կոմունիստ Բելա Կունի, Ռադեկի, հայտնի Էնվեր փաշայի կողքին նստած էր նաև Անաստաս Միկոյանը և որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, որտեղ, քարոզչական խումբ որոշվեց, որի անդամներից մեկը և ղեկավարը, կարծեմ, ինքն էր, որը կազմակերպեց Հայաստանի իրենց տերմինով սովետականացումը, որտեղ Հայաստանը հայտարարվեց պաշտոնապես իմպերիալիզմի սպիտակ շուն»:
Անի Քեշիշյան