
Chrysler-ը համայն աշխարհից հետ է կանչում ավելի քան 780.000 ավտոմեքենա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան Chrysler ընկերությունը համայն աշխարհից հետ է կանչում ավելի քան 780.000 ավտոմեքենա` հայտնաբերված անսարքությունը վերացնելու համար, որը կարող է հանգեցնել մեքենայի այրման:
Այս մասին երեկ հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: Հետկանչման ենթակա են 2010 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում արտադրված Chrysler Town & Country և Dodge Grand Caravan ավտոմեքենաները:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանցից գրեթե 760.000-ը գտնվում են ԱՄՆ-ում, Կանադայում կամ Մեքսիկայում, ևս ավելի քան 20.000-ը` այլ երկրներում: Chrysler-ի տվյալներով` տեխնիկական անսարքության պատճառով ցայժմ գրանցվել է մեքենայի այրման 36 դեպք, ինչի հետևանքով ոչ ոք չի տուժել: