
Իսրայելի հետ խնդիրները մեծապես կարգավորվել են. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հանդիպել է պաշտոնական այցով առաջին անգամ երկիր ժամանած Տանզանիայի արտգործնախարար Բեռնարդ Մեմբեին:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին՝ հայտարարելով, որ թեպետ Իսրայելի հետ բանակցությունները դեռ չեն հանգեցրել վերջնական արդյունքների, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ հաղթահարված են:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ մնացյալ խնդիրները շուտով կհարթվեն Թուրքիայի սկզբունքային դիրքորոշման շրջանակներում: Տանզանիայի հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր աֆրիկյան նախաձեռնությունների շրջանակներում մեծ տեղ է տալիս այդ երկրին և 2009 թվականին իր առաջին դեսպանատունը բացել է հենց Տանզանիայում:
Դավութօղլուն հիշեցրել է, որ 2009 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 63 միլիոն դոլար, մինչդեռ այժմ՝ 5 տարի անց՝ 183 միլիոն դոլար: Դավութօղլուի խոսքերով՝ 2009 թվականին Տանզանիայում գործում էր թուրքական միայն մեկ ընկերություն, մինչդեռ այժմ դրանց քանակը հասել է 37-ի:
Տանզանիան ցանկություն է հայտնել դեսպանատուն բացել Թուրքիայում: