
Բա որ Վոլինկինը ասի՝ «мочить в сортире»

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունները Հայաստանում գործող ու «հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող» հ/կ-ների դեմ պայքարելու մասին, այս էլ որերորդ անգամ, բացահայտում են Հայաստանի պետական ու քաղաքական համակարգի թշվառությունը, ողորմելի թշվառությունը: Որևէ նորմալ երկրում նման հայտարարություն արած դեսպանին առաջին հերթին՝ իշխանությունները կհայտարարեին անցանկալի անձ՝ նրան ուղարկած երկրից պահանջելով համապատասխան քայլեր ձեռնարկել:
Բայց մեր իշխանությունների ռուսահաճությունն այն աստիճանի է հասել, որ նրանք, ովքեր համարձակվում են անդրադառնալ դեսպանի հայտարարությանը, խոսում են ոչ թե դրա անթույլատրելիության՝ Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտելու ակտի համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության, այլ այն մասին, որ Վոլինկինը սխալվում է՝ հայ-ռուսական հարաբերություններն այնքան ամուր են, որ որևէ մեկը չի կարող սեպ խրել:
Սա է առավելագույնը, որ իրեն կարող է թույլ տալ Հայաստանի իշխանությունը ռուսական սույն չինովնիկի վիրավորական հայտարարություններին ի պատասխան՝ սկսած ԱԳՆ-ից, մինչև նախարարներ ու այլ պաշտոնյաներ: Ավելին ասելու հանդգնություն ու արժանապատվություն որևէ մեկը չունի: Նույնը վերաբերում է իրենց ոչ իշխանական հորջորջողներին, որոնց ներկայացուցիչները, լավագույն դեպքում, խուսափում են անդրադառնալ այդ հայտարարություններին, իսկ եթե չեն կարողանում խուսափել, ասում են մոտավորապես այն, որ այս իրավիճակի համար մեղավոր է ՀՀ իշխանությունը, որն իրեն այնքան վատ է պահում, որ այլ երկրի դեսպանն իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել:
Բայց ոչ մի խոսք՝ այլ երկրի, այդ երկրի դեսպանի սանձարձակության մասին: Ու բոլորով՝ իշխանությունով, ոչ իշխանությունով, ընդդիմությունով, թույլ են տալիս, որ ռուսական դեսպանը հերթական անգամ նվաստացնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ հասարակությանը: Իսկ դա, ըստ ամենայնի, Հայաստանում այս ռուս դիվանագետի հիմնական առաքելությունն է, որը նա կատարում է նախանձելի հետևողականությամբ: Իր պաշտոնավարման սկզբնական շրջանում նա իրեն թույլ տվեց ասել, որ իր ինքնությունը պահպանելու համար հայ ժողովուրդը պարտական է Ռուսաստանին:
Դա ոչ միայն համարժեք պաշտոնական ու քաղաքական պատասխանի չարժանացավ, այլև դրանից հետո Հայաստանի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սկսեցին Վոլինիկին բարևելիս ավելի շատ կռանալ: Հետո նա ասաց, որ պետք է ուղիներ գտնել մեր «սրտերին ու հոգիներին» հակասող քարոզչությունը լռեցնելու համար, ու կրկին՝ հիացմունք հայկական կողմից: Հիմա էլ նա ասում է՝ պետք է փակել «հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող» հ/կ-ները: Այսինքն՝ ինչպես Պուտինն էր ասել՝ «мочить в сортире»: Հայաստանը Ռուսաստանի համար վեր է ածվել հենց դրան՝ քաղաքական «сортир»-ի, ու ռուս պաշտոնյաներն իրենց այստեղ պահում են այնպես, ինչպես ռեստորանի համապատասխան վայրում՝ ամենօրյա հարբածությունից հետո: Դա նրանց մոտ ազգային առանձնահատկության նման բան է: Իսկ հայերը՝ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, իրենց պահում են այնպես, ինչպես ռեստորաններում հարբած հյուրերի առջև դուռ և այլ բաներ բացող մատուցողներն ու դռնապանները:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի, եթե հանկարծ օրերից մի օր Վոլինկինը հայտարարի, որ Հայաստանի իշխանությունը հանցագործ է՝ կեղեքում է սեփական ժողովրդին, իսկ քանի որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի բարեկամն է, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը կեղեքում է ռուսների բարեկամին, այսինքն՝ սեպ է խրում հայ-ռուսական բարեկամության մեջ: Դեսպանին նրանք համապատասխան վայր ուղարկել չեն կարող: Ուստի՝ մնում է մտավարժանքներ անել այն մասին, որ որևէ իշխանություն չի կարող սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ: Կհավատա՞ Վոլինկինը՝ շատ լավ, չի՞ հավատա՝ իշխանությունների պրոբլեմն է: Նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես հրահանգում էր Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ «мочить в сортире»: Հայաստանի հասարակությունը դրանից ոչ կտուժի, ոչ էլ կշահի: Ռուսաստանն է ու իրեն հավատարիմ վերակացուները, ներեցեք՝ իշխանությունները: Կուզի՝ կերկարացնի ժամկետը, չի ուզի… հասկացաք: