Թեղենիքում թրթուրների խնդիրը չի լուծվել. Երեխաներին դրել էին մեքենաների մեջ, եկել էին գյուղապետարանի բակում կանգնել

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում ստեղծված իրավիճակին դեռևս լուծում չի տրվել. մի քանի օր է՝ գյուղի բակերում հայտնվել են բազմաթիվ թրթուրներ, որոնք մտել են նաև գյուղացիների բնակարանները: Համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգել է տարբեր պետական մարմինների՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, մարզպետարան, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Ըստ նրա՝ պետական մարմիններն էլ իրենց հերթին են հետաքրքրվել խնդրով, սակայն առայժմ ոչինչ չի ձեռնարկվել. միայն մի հատված ԳԱՄԿ-ի կողմից թունաքիմիկատներով սրսկվել է:

Մարատ Բաղդասարյանը հայտնեց, որ, իհարկե, թրթուրներն ամբողջ գյուղը չեն լցվել, սակայն «շատ-շատ» են: «Ես նման բան չեմ տեսել իմ ամբողջ կյանքում»,- ասաց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում հայտնված թրթուրները «կերել են» գյուղացիների այգիներում տնկած շիթիլների մեծ մասը. «Չեք պատկերացնում՝ ինչ անտանելի վիճակ է»:

«Առավոտյան արդեն թաղամասերի բնակիչներից իրենց երեխաներին դրել էին մեքենաների մեջ, եկել էին գյուղապետարանի բակում կանգնել: Ասում եմ՝ այս ի՞նչ եք անում: Ասում են՝ բա ի՞նչ անեմ, երեխաներին ո՞ւր թողնեմ բակում: Այդպես վատ վիճակ է»,- պատմեց Մարատ Բաղդասարյանը՝ նշելով, որ գյուղից մի քանի բնակիչներ երեխաներին դուրս են բերել իրեն տներից:

Կարդացեք նաև

«Երեխեքին տնից հանում են, ի՞նչ անեն: Ոնց լինում է՝ մի արանք գտնում են, մտնում են ներս: Դրանք հով են սիրում, հենց արևը տալիս է, դրանք փախնում են, պախկվում են»,- շարունակեց նա:

Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ իրենց համայնքում առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում, և չգիտեն՝ ինչն է թրթուրների շատացման պատճառ դարձել: Ըստ նրա՝ կարծիք կա, որ պատճառը շոգ եղանակն է, բացի այդ՝ սրսկումներ չեն եղել: Նրա փոխանցմամբ՝ նախկինում ուղղաթիռներով սրսկումներ են կատարել:

Մ. Բաղդասարյանի խոսքով՝ պետական մարմիններն առաջարկել են համապատասխան տեխնիկա ուղարկել գյուղ, իսկ վառելանյութն ու դեղերը համայնքի միջոցներով ձեռք բերել: «Էդ ի՞նչ բյուջե ունեմ, հիմա էլ դնեմ՝ վառելանյութ գնեմ ու դեղեր գնեմ»,- ասաց համայնքի ղեկավարը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս