ՕԵԿ-ի արձագանքը. «Մի՞թե այդքան հեշտ է «սեպ խրել» Հայաստանի և Ռուսաստանի միջև»

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի վերջին հայտարարությունը, նշեց.

«Յուրաքանչյուր ոք, այդ թվում որևէ երկրի դեսպան, ունի կարծիքի իրավունք: Իմ համոզմամբ, սակայն, հնչող տեսակետները պետք է տեղավորվեն դեսպանի գործունեության բովանդակային դիրքորոշումների մեջ: Նախ պետք է մեկնաբանել, թե ինչ ասել է «սեպ խրել» արտահայտությունը և մի՞թե այդքան հեշտ է «սեպ խրել» Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը բարեկամության դարերի պատմություն ունի, իսկ ներկայում Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Երկու երկրները սերտ համագործակցում են անվտանգության, տնտեսության, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:

Առհասարակ, ժողովրդավարական երկրներում օրինաչափ ու նորմալ երևույթ է, երբ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, առանձին գործիչներ քննադատում կամ պաշտպանում են իշխանություններին, ունենում իրենց տեսակետները արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի մասին և սա կանոն է բոլոր երկրների համար: Հայաստանում բոլոր հասարակական կամ այլ կազմակերպությունները գործունեություն են ծավալում բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում, իսկ եթե դեսպանը փաստեր ունի, որ ինչ-որ կազմակերպություններ ստեղծվել են հատուկ այդ նպատակով, ապա մեր երկրի օրենսդրությունը տալիս է նման հարցերի պատասխանը»:

Հիշեցնենք, որ Իվան Վոլինկինը ռուսալեզու «Նոյյան Տապան» պարբերական տված հարցազրույցում մասնավորապես ասել է, թե «պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս–հայկական հարաբերություններում»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս