ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է զանգվածային գաղտնալսումներն արգելող օրինագիծը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Իրավական հանձնաժողովն աջակցություն է հայտնել այն օրինագծին, որն արգելում է հատուկ ծառայությունների կողմից ամերիկացիների հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսումը:
Հանձնաժողովը միաձայն է աջակցել այդ օրինագծին, որն այժմ ուղարկվելու է Կոնգրեսի դիտարկմանը: Օրինագծի համաձայն, հատուկ ծառայությունները կարող են հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել, եթե միայն հատուկ դատարանը, ծանրակշիռ հիմքերից ելնելով, տա նման գործունեության թույլտվություն: Բացի այդ, նման թույլտվություն կարող է տրվել արդեն իսկ տարվող հետաքննության շրջանակներում:
Այս օրինագիծը պատրաստվել է նախորդ տարվա ամռանն ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո, որոնք առնչվում էին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից հեռախոսազրույցների մասշտաբային գաղտնալսմանն ու համացանցի օգտատերերի մասին տեղեկություններ հավաքելուն: