Թուրքիան շարունակելու է աջակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը. Գյուլ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Թբիլիսիում ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Գյուլը հայտարարել է, որ Վրաստանը Թուրքիայի համար հանդիսացել է շատ կարևոր երկիր՝ որպես հարևան ու բարեկամ. «Մենք Վրաստանում ենք երկու պատճառով:

Նախևառաջ դա կապված է Թբիլիսյան գագաթաժողովի հետ, որում դիտարկեցինք ողջ տարածաշրջանի համար ռազմավարական կարևորություն ունեցող նախագծերը: Եվ երկրորդ՝ սա պաշտոնական այց է, որի շրջանակներում ես հանդիպումներ ունեցա ինչպես (Վրաստանի) նախագահի, այնպես էլ վարչապետի հետ:

Վրաստանը Թուրքիայի համար հանդիսացել է շատ կարևոր երկիր՝ որպես հարևան ու բարեկամ: Մեր ժողովուրդների միջև առկա են բավական խորը հարաբերություններ: Ամեն տարի Վրաստանի 1.8 միլիոն քաղաքացի է ժամանում Թուրքիա և Թուրքիայի 1.6 միլիոն քաղաքացի՝ Վրաստան: Դա վկայում է մարդկանց միջև շփման մասշտաբների մասին:

Մենք հարգում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան համոզված է, որ առկա խնդիրը պետք է լուծվի միջազգային սկզբունքներին համապատասխան:

Թուրքիան մշտապես աջակցել է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Այդպես կլինի նաև հետագայում: Շատ շուտով ձեր երկիրը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Դա շատ կարևոր է զարգացման տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս