Մայիսի 11-ին Դոնբասի «հանրաքվեն» հետաձգելու Պուտինի խնդրանքն ունի երկու պատճառ. Սաակաշվիլի
Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը. «Պուտինը ցանկանում է մուկնուկատու խաղալ Ուկրաինայի հետ:
Նա հրապարակավ մի կողմ է քաշվում ուկրաինական իրադարձություններից, սակայն միաժամանակ պատրաստվում է կրակի վրա յուղ լցնել՝ անկայունացնելով հարավ-արևելքը: Իրականում նա պատրաստվում է ոչ միայն աջակցել անջատողական կրակին, այլև՝ մշտապես թեժացնելու է այն»:
Սաակաշվիլիի խոսքերով՝ Դոնբասի հանրաքվեն հետաձգելու Պուտինի խնդրանքը վկայում է այն մասին, որ նրան անհրաժեշտ է դադար, սակայն Կրեմլը չի հրաժարվել Ուկրաինան զավթելու ռազմավարական պլաններից: Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինի այդ հայտարարություն ունի մի քանի պատճառ.
«Նախևառաջ Ուկրաինայի հարավ-արևելքում Ռուսաստանի դրածոների շարժումը չստացավ այնպիսի թափ, որպեսզի հաջողությամբ մայիսի 11-ին անցկացվի արևելյան մարզերի «անկախության» ճանաչման «հանրաքվե»: Պուտինին անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի շարժումն ընդլայնվի:
Եվ երկրորդ, եթե «հանրաքվեն» տեղի ունենա, ապա Արևմուտքը հաստատապես պատժամիջոցներ կսահմանի «Գազպրոմի» և «Ռոսնֆետի» նկատմամբ: Իսկ դա նշանակում է Պուտինի ռեժիմի կրախ, ընդ որում՝ մեկ տարում: «Հանրաքվեից» հետո անգամ Գերմանիան չի կարող արգելակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը:
Արևմուտքը քաջ գիտակցում է, որ մայիսի 11-ի «հանրաքվեն» ուղիղ սպառնալիք է Ուկրաինայի նախագահական ընտրությունների տապալման համար: Անկասկած է, որ Ուկրաինայի հարավ-արևելքի զավթումը Պուտինի գլխավոր ռազմավարական առաջադրանքն է»: