Հայաստանի ամենաազդեցիկ մոնպոլիստները
Հայաստանի ամենաարատավոր երևույթը մենաշնորհային տնտեսությունն է: Այս արտահայտությունը վերջին շրջանում կարելի է լսել անգամ իշխանության ներկայացուցիչների շուրթերից, նույնիսկ այն ներկայացուցիչների, ովքեր կոնկրետ մենաշնորհների տերեր են կամ մենաշնորհատերերի տերեր: Առանձին ոլորտներում դեռևս պահպանվող մենաշնորհների առկայությամբ հանդերձ, վերջին տարիներին կոսմետիկ առումով մենաշնորհային բնագավառները «թղթերով տեսքի են բերվել»: Այսինքն՝ քիչ են ընդամենը մեկ անձի կամ մեկ ընկերության պատկանող ամբողջական ոլորտները:
Հիմա ավելի մոդայիկ են այդ նույն անձի եղբայրների, հորեղբորորդիների, քենիների ու աներորդիների և այլ փոխկապակցված պարոնների ու տիկնանց անուններով «դիվերսիֆիկացված» մենաշնորհները: Հանդիպում են նաև ոլորտներ, որոնցում իրականում կա սուր, կոշտ մրցակցություն՝ մեկ այլ ոլորտի մոնոպոլիստի և մի ուրիշ ոլորտի մոնոպոլիստի միջև: Մրցակցությունն այդ, որպես կանոն, հանգում է «ախպերափայության», որը տնտեսագիտության լեզվով կոչվում է օլիգոպոլիա: Հայաստանի տնտեսությունն իրականում գործում է հենց օլիգոպոլիայի սկզբունքով, քանի որ մոնոպոլիստները շատ են, ոլորտներն ու պահանջարկը՝ քիչ: Դրա համար էլ իշխանությունը, այսինքն՝ բոլլոր մոնոպոլիստների մոնոպոլիստը, ստեղծում է «հավասար պայմաններ» շուկաներն արդարաբար կիսելու համար:
Այս հայտնի իրողությունները հերթական անգամ շարադրելու կարիք, թերևս, չէր լինի, եթե վերջին շրջանում հատկապես մոդայիկ դարձած չլիներ առանձին մոնոպոլիստների կողմից տնտեսության մենաշնորհայնացման կոշտ քննադատությունը: Այդ իմաստով, Հայաստանում քաղաքականությունը վերածվում է մազոխիզմի: Մարդիկ պայքարում են այն երևույթների դեմ, որոնց շնորհիվ իրենք պայքարելու, ընդհանրապես տնտեսական ու քաղաքական «արևի տակ տեղ ունենալու» իրավունք են ստացել:
Բայց որքան ավելի շատ է խոսվում տնտեսական մոնոպոլիաների մասին, այնքան ավելի քիչ է քննարկվում կամ, ըստ էության, շրջանցվում է քաղաքական մոնոպոլիայի հարցը: «Քաղաքականությունը տնտեսության արտացոլումն է» տեսական թեզն ամբողջությամբ համապատասխանում է մեր իրականությանը: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մեջ են մի քանի մոնոպոլիստներ օլիգոպոլիկ հիմունքներով մենաշնորհել շուկաները, այնպես էլ քաղաքականության մեջ են մոնոպոլիա հաստատել մի քանի անհատներ՝ իրենց սպասարկող խմբերով, ու քաղաքական դաշտում իրականացնում են ճիշտ նույնը, ինչ բիզնեսում: Կիսում են իշխանությունն «ախպերավարի»:
Կիսման գործընթացում պայքարելով իրար դեմ այնպես, ինչպես երկու մոնոպոլիստ օլիգարխներին պատկանող ընկերությունների տնօրենները կպայքարեն Տնտեսական դատարանում: Էդուարդ Շարմազանովի ու Գագիկ Ծառուկյանի հեռակա բանավեճը տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ: Քաղաքականության/իշխանության մոնոպոլիստներից մեկի՝ Սերժ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչը, իմա՝ տնօրենը, հայտարարում է՝ իշխանությունն առաջիկա տասը տարիներին լինելու է մերը: Մյուս մոնոպոլիստի՝ Ռոբերտ Քոչարյանի համակրանքը վայելող կուսակցության ղեկավարը, իմա՝ տնօրենը, ասում է՝ այդպես չի լինի, պետք է կիսվել:
Այս հակամարտությունից հասարակությունը շահում է ճիշտ այնքան, որքան, ասենք, հացահատիկ ներմուծող երկու մոնոպոլիստների հեռակա պայքարից, այսինքն՝ տուժում է: Որովհետև նրանք, ի վերջո, խաշի սեղանի շուրջ պայմանավորվում են՝ առանց մեկմեկու տեղյակ պահելու չբարձրացնել գները, ինչի արդյունքում՝ ամեն օր հանդիպում են խաշի սեղանի շուրջ՝ գները բարձրացնելու մասին իրար իրազեկելու համար:
Ժամանակառ ժամանակ գիտական, գիտագործնական հետազոտություններ են հրապարակվում այն մասին, թե Հայաստանի ՀՆԱ-ի քանի տոկոսը քանի ընտանիք է տնօրինում, թե որքան սահմանափակ է դրանց թիվը, և այլն: Բոլոր այդ հետազոտությունների ընդհանրացված եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսությանը, հարստությանը տիրապետում են մի քանի ազգանունների պատկանող միավորներ:
Նույն, եթե ոչ՝ ավելի խայտառակ պատկերն է քաղաքականության, խնդրո առարկայի տրամաբանության տեսանկյունից՝ իշխանության մեջ: Քաղաքական կյանքում իրական, որոշումների կայացման վրա ազդեցություն ունեն ընդամենը մի քանի ազգանուններ՝ Սարգսյան, Քոչարյան, Ծառուկյան, գուցե որոշ չափով՝ Տեր-Պետրոսյան: Բնականաբար, նոմինալ առումով՝ «քաղաքականությամբ զբաղվում են» տասնյակ, հարյուրավոր ազգանուններ կրող անհատներ:
Սակայն նրանց ազդեցությունը քաղաքականության վրա նույնն է, ինչ փոքր խանութների ազդեցությունը սուպերմարկետների գնային քաղաքականության հարցում, այսինքն՝ զրո: Ինչպես փոքր խանություներին դեռևս չեն արգելում գործել մրցակցության պատրանք ստեղծելու համար, այնպես էլ բազմազան ու զարմանազան անուն-ազգանուններով հանդես եկողներին ոչ միայն թույլ են տալիս, այլև աջակցում են «քաղաքական գործունեություն ծավալելու» հարցում, որպեսզի իրականում դուոպոլ (երկբևեռ) քաղաքական-իշխանական համակարգը հնարավոր լինի կոչել «քաղաքական դաշտ» հնչեղ անվանմամբ: