ԱԺ-ի չինական կահույքը մատակարարվել է խախտումներով
ՀՀ Ազգային ժողովի համար կահույք ձեռք բերելու նպատակով մրցութային «Վեկս» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է հայտի պահանջների խախտմամբ, որի արժեքի մի մասը` 118,245-ը (առանց հարկեր) պայմանագրում նշվել է ԱՄՆ արժույթով, իսկ մի մասը` 49,907,106-ը (ներառյալ ԱԱՀ) ՀՀ արժույթով, խախտելով «արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Սա պարզել է Վերահսկիչ պալատն՝ անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում իրականացրած ստուգումների ժամանակ:
Պարզվել է նաև, որ պատվիրատուի հասցեով ներկրված ապրանքների ուղեկցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել է ենթամատակարար չինական «ՍիԱյԷս Ինթերնեյշնլ Իմպեքս» ԿՈ ԼՏԴ անունից: Պայմանագրով նախատեսված գումարից 118,2 հազ. դոլարը ԾԻԳ-ի կողմից առանց համապատասխան փաստաթղթերի փոխանցվել է ենթամատակարարի հաշվին, իսկ մաքսազերծման և ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ենթակա գումարները ԾԻԳ-ը վճարել է «ՍիԱյԷս Ինթերնեյշնլ Իմպեքս»-ին՝ ընկերության անունից ՀՀ ներմուծված ապրանքների դիմաց: «Վեկս» ՍՊԸ-ն, որպես պայմանագրի կողմ, ապրանքների մատակարարման վերաբերյալ հաշիվ ապրանքագիր չի ներկայացրել:
Պատվիրատուի կողմից կահույքի ձեռք բերման համար անհրաժեշտ նախահաշվային գնի ձևավորման, ինչպես նաև շուկայական գների ուսումնասիրության աշխատանքներ չի կատարվել:
ՎՊ մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտություն կա հանդիպակաց ստուգման, որն իրականացվելու է այս տարի: