Վ. Ավետիսյանի գործով վկա Զաքարյանը դատարանում հայտարարեց, որ ինքը «պրոբլեմներ ունի գլխի հետ», հիշողության կորուստ ունի

Վոլոդյա Ավետիսյանի գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեց Հենրիկ Զաքարյանը: Վերջիսն դատարանում հայտնեց, որ ճանաչում է Վոլոդյա Ավետիսյանին, սակայն նշեց, որ չի հիշում կոնկրետ օրը՝ երբ ծանոթացել է Վ. Ավետիսյանի հետ: Հենրիկ Զաքարյանը պատմեց, որ թոռը՝ Հենրիկ Հարոյանը, հիվանդություններ է ունեցել, և ինքը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի վերջինս «ուշադիր լինի», ինքն իմացել է, թե իր թոռանը պետք է հիվանդանոց տեղափոխեն: Երբ դատավոր Լևոն Ավետիսյանը խնդրեց վերջինիս շարունակել, վկա Հենրիկ Զաքարյանը նշեց, որ մնացածը չի հիշում և ասաց, որ իրեն հարցեր տան, որոնց ինքը կպատասխանի: Հ. Զաքարյանը նաև հավելեց, թե ինքը «պրոբլեմներ ունի գլխի հետ», հիշողության կորուստ ունի:

Պատասխանելով մեղադրողի հարցին՝ վկա Հենրիկ Զաքարյանն ասաց, որ ինքը թոռանը՝ Հենրիկ Հարոյանին «կանչել է» Մոսկվայից, որպեսզի վերջինս «բանակ երթար»: Նրա խոսքով՝ աղջիկն իրեն տրամադրել է Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը, ինքը զանգահարել է նրան ու հանդիպել: Վկայի խոսքով՝ Վ. Ավետիսյանի հեռախոսահամարն իրեն տալուց հետո իրեն ասել են՝ գնա նրա մոտ, ինքը կօգնի, որ թոռը մոտ վայրում զինծառայություն անցնի: Հենրիկ Զաքարյանը նշեց, որ թոռան՝ զինվորական ծառայությունից ազատվելու հարց չի բարձրացվել, բարձրացվել է միայն ավելի մոտ վայրում ծառայելու հարցը:

Նա ասաց, որ Վ. Ավետիսյանին հանդիպել է Էջմիածնում երկու թոռների հետ, իսկ Վոլոդյա Ավետիսյանը հանդիպման եկել է միայնակ, Վոլոդյա Ավետիսյանը թոռանը հարցուփորձ է արել նրա առողջության մասին: Պատասխանելով մեղադրողի հարցին՝ արդյոք հանդիպման ժամանակ Վ. Ավետիսյանը որևէ խոստում տվե՞լ է, վկան ասաց. «Վոլոդյա Ավետիսյանն ինձ ասաց՝ եթե էրեխեն հիվանդ լինի, ինքը առանց պրոբլեմի կազատվի կամ մոտիկ կընկնի»:

Վկայի խոսքով՝ ինքը 2 հազար դոլար գումար է տվել ամբաստանյալին. «Ես իրեն մաղարիչ եմ տվել»: Մեղադրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է աներ Վ. Ավետիսյանն այդ գումարը: «Ես ասացի արդեն՝ հիվանդանոցում… եթե թոռս պառկեր հիվանդանոց, ինքը պիտի իրան տեր էղներ, բուժումների, դեղի հարց է, բան է»,- ի պատասխան ասաց վկան:
Հ. Զաքարյանի հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողներն արձագանքում էին, որոնց դատավորը նախազգուշացրեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձան՝ դատարանը կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ:

Կարդացեք նաև

Դահլիճում ներկաներից մեկի խոսքին, թե ցանկանում է բան ասել, դատավորն արձագանքեց, որ չի կարելի խոսել. «Կոլխոզի ժողով չէ: Դատական նիստ է»:
Վկա Հենրիկ Զաքարյանը, պատասխանելով Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե նախաքննության ժամանակ ի՞նչպես է իր բնակության վայրից հասել Երևան՝ ցուցմունք տալու, ասաց, որ մեքենայով իրեն և թոռանը տեղափոխել են Երևան, իրեն ասել են, որ տանում են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարգևատրելու համար:

Հ. Զաքարյանն ասաց, որ իրենց Երևան տեղափոխել են երեկոյան, և իրենք ամբողջ գիշերը այնտեղ են մնացել: Իսկ թե ինչո՞ւ են գիշերը մնացել շենքում՝ վկան պատճառաբանեց, որ իրենք գնալու տեղ չեն ունեցել: Վկան ասաց, որ ինքը սկզբում չի ցանկացել ցուցմունք տալ, հետո բերել են որոշ ձայնագրություններ. «Ու ես էլ չկարողացա…»:

Այսօր իր հարցաքննության ընթացքում վկան ասաց, որ այլևս չի կարող պատասխանել հարցերին, «խեղդում են բրոնխները». «Ես ձեզանից շատ լավ կուզեմ, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատվի»:

Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը վկային հարցրեց՝ արդյոք վերջինս, իմանալով, որ թոռն առողջական խնդիրներ ունի, չի՞ հետաքրքրվել՝ ինչո՞ւ իրենց հարցաքննելուց հետո բաց չեն թողել: «Այ մարդ, ես կըսեմ՝ ես ինչ կարամ էնեմ օրենքի դեմը: Թող ընձի բաց թողնեին: Իրանք բաց թողեցին, ես չգնացի՞»,- արձագանքեց վկան:

Նա չպատասխանեց Արա Զաքարյանի հարցին՝ արդյոք նրանց բաց չեն թողե՞լ:
Ա. Զաքարյանի հաջորդ հարցին՝ ինչի՞ց է կաշկանդված վկան, Հենրիկ Զաքարյանն այսպես արձագանքեց. «Տո ես պրոբլեմներ ունեմ, հազար տեսակ պրոբլեմ ունեմ»: Արա Զաքարյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ պրոբլմներ ունի վկան: Ի պատասխան վկան դիմեց դատարանին և ասաց, որ այլևս չի կարող պատասխանել հարցերին: Դատավորի հարցին՝ արդյոք կա՞ որևէ խոչընդոտ՝ դատարանում ճշմարտությունն ասելու համար, արդյոք որևէ մեկը սպառնացե՞լ է նրան: «Չէ, չեն սպառնացել: Մենակ սպառնալը եղել է ձայնագրությունը: Ինձ չեն սպառնացել»:

Վկան ասաց նաև, որ ինքը որևէ պահանջ, բողոք չունի Վոլոդյա Ավետիսյանից:
Դատարանում մեղադրողի միջնորդությամբ հրապարկվեց վկա Հենրիկ Զաքարյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Հարցաքննություններից մեկի ընթացքում վկան հայտնել էր, որ 2013թ. աշնանը իր թոռը պետք է բանակ զորակոչվեր:
«2013թ. օգոստոսին ինձ զանգահարել է դստերս ամուսինը՝ Հայկազ Հարոյանը, և ինձ ասել է՝ գնամ, հանդիպեմ Վոլոդյայի հետ և նրա հետ խոսամ, տեսնեմ, թե որքան գումարով ինքը կարող է թոռիս՝ Հենրիկ Հարոյանին, ազատել զինվորական ծառայությունից: Փեսաս ինձ տվել է Վոլոդյայի համարը և ես զանգահարել և հանդիպել եմ Վոլոդյայի հետ Էջմիածում՝ մոստի մոտ: Նրան հարցրել եմ, թե կարո՞ղ ես թոռիս, որը 2013թ. աշնանը պետք է զորակոչվի բանակ, ազատել ծառայությունից կամ բնակավայրին մոտ գտնվող զորամասում տեղավորել ծառայության և ինչ կարժենա դա մեզ համար:

Վոլոդյան ասել է, որ մոտ զորամասում թոռիս ծառայության նշանակելու համար նրան պետք է 1500 ԱՄՆ դոլար գումար տանք, իսկ թոռիս ծառայությունից ազատելու համար նրան պետք է տանք 5000 դոլար: Ես նրան ասել եմ, որ թոռս հիվանդություն ունի: Ես նրան ասել եմ, որ կզրուցեմ փեսայիս հետ և նրան խաբար կանեմ: Ես զրուցել եմ փեսայիս՝ Հայկազ Հարոյանի հետ, և նա ասել է, որ եթե Վոլոդյան իր որդուն՝ Հենրիկ Հարոյանին, ազատի զինվորական ծառայությունից, ապա Վոլոդյային կտանք 5000 դոլար: Ես Վոլոդյային զանգահարել եմ և ասել, որ եթե նա այդպես անի, որ թոռիս ազատի զինվորական ծառայությունից, ապա նրան կտանք նրա պահանջած 5000 դոլարը: Վոլոդյան ինձ ասաց, որ պետք է բժշկական փաստաթղթեր պատրաստի, որպեսզի թոռս ազատվի զինվորական ծառայությունից:

Ես նշեմ, որ ես իմացել եմ, որ Վոլոդյան դա Վոլոդյա Ավետիսյանն է, որը նախկինում զինծառայող էր: Երբ թոռս՝ Հենրիկ Հարոյանը, 2013թ. օգոստոսի սկզբին վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, և փեսաս 2000 դոլար գումար է ուղարկել, ես զանգահարել եմ Վոլոդյա Ավետիսյանին և նրան ասել, որ թոռս եկել է Ռուսաստանի Դաշնությունից և գումարը պատրաստ է: Վոլոդյա Ավետիսյանն ինձ ասել է, որ կզանգահարի, կպայմանավորվենք ու կհանդիպենք:

Մի քանի օր անց Վոլոդյա Ավետիսյանը զանգահարել է ինձ և ասել, որ 2000 դոլարը պետք է տամ նրան, որպեսզի նա սկսի թոռիս ծառայությունից ազատելու գործընթացը: Նշեմ, որ Վոլոդյան իմ հետ հեռախոսի զրույցի ընթացքում 2000 դոլարի գումարի փոխարեն ինձ ասել է, որ պետք է 2 պաչկա կոֆե տանեմ նրան՝ նկատի ունենալով 2000 դոլար: Մենք դրանից հետո՝ 2013թ. օոգոստոսի կեսերին, օրը կոնկրետ չեմ հիշում, ես, թոռներս՝ Հենրիկ Հարոյանը և Գրիգոր Հարոյանը գնացել ենք Էջմիածին քաղաքի կամուրջի մոտ, ճանապարհին հանդիպել ենք Վոլոդյա Ավետիսյանի հետ, և նրան եմ տվել 2000 դոլարը՝ ծրարում դրված, որպեսզի նա սկսի թոռիս՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը:

Նշեմ, որ գումարը Վոլոդյա Ավետիսյանին տալուց հետո, երբ վերադարձել եմ տուն, հիշել եմ, որ Վոլոդյան թոռիս անուն ազգանունը և մյուս տվյալները չի վերցրել ինձանից, և ես կրկին զանգահարել եմ Վոլոդյանին և ասել, որ նա ինձանից չհարցրեց թոռիս տվյալները, իսկ նա ինձ ասաց, որ մտածել է, որ ես թոռիս տվյալները գրած կլինեմ թղթի վրա և դրած կլինեմ ծրարի մեջ՝ գումարի հետ միասին: Ես թելադրել եմ թոռիս տվյալները հեռախոսով Վոլոդյա Ավետիսյանին:

Նշեմ, որ երեկ՝ 2013թ. սեպտեմբերի 19-ին, Գյումրի քաղաքում՝ ժամը 12-իւ սահմաններում ես և թոռս՝ Հենրիկ Հարոյանը, հանդիպել ենք Վոլոդյա Ավտիսյանի հետ, և նա թոռիցս հարցուփորձ է արել նրա հիվանդությունների վերաբերյալ, որից հետո նա ասել է, որ զբաղվում է թոռիս հարցերով ու գնացել է մեր մոտից»,- վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակեց մեղադրող դատախազը:
Դատարանում, դիտելով հարցաքննությունների արձանագրությունների տակ դրված ստորագրությունները, վկան հաստատեց, որ դրանք իր ստորագրություններն են:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո դատարանում վկան հայտնեց, որ չի հիշում՝ ինչ է գրել իր ցուցմունքներում, ինքը «շոկի մեջ է եղել», ամբողջ գիշեր արթուն է եղել: Նա նշեց, որ իրականությունն այն է, որ իրենք չեն ցանկացել թոռանն ազատել ծառայությունից:

Վկան փորձեց հեռանալ դատական նիստերի դահլիճից առանց դատարանի թույլտվության, ապա վերադառնալով ասաց, որ չի կարող պատասխանել Արա Զաքարյանի հարցերին: Դատավոր Լևոն Ավետիսյանի հարցին ևս մեկ անգամ պատասխանելով՝ վկան ասաց, որ որևէ պահանջ չունի Վոլոդյա Ավետիսյանից:

Տեսանյութեր

Լրահոս