
ԿԲ ներկայացուցիչները հանդիպել են դասախոսների և ուսանողների հետ

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը հանրությանն ընկալելի դարձնելու ծրագրի շրջանակում ապրիլի 25-ին և 30-ին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Ռուս- Հայկական Սլավոնական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Գնաճի հաշվետվությունը (2014 թ. առաջին եռամսյակ)» և «Ֆինանսական կայունության հաշվետվությունը (2013 թ. տարեկան)»: «Գնաճի հաշվետվության» շրջանակում ներկայացվել են համաշխարհային և ՀՀ տնտեսության հիմնական փաստացի զարգացումները 2013 թ. ընթացքում, որից հետո անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի կանխատեսումներին, ՀՀ տնտեսության հիմնական մակրոտնտեսական զարգացումներին, դրանց ներքո դրամավարկային քաղաքականության ուղղություններին առաջիկա 3 տարվա հորիզոնում:
Ներկայացվել են նաև արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների ազդեցության հնարավոր ուղիները ՀՀ ֆինանսական կայունության վրա, ֆինանսական շուկաներում և ֆինանսական համակարգի ենթակառուցվածքներում ռիսկերի գնահատման արդյունքները: Անդրադարձ է արվել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերին և ֆինանսական համակարգի կողմից այդ ռիսկերը կլանելու կարողությանը: