Թբիլիսյան բանակցությունները կարևոր են Եվրոպայի համար. Իլհամ Ալիև
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Թբիլիսիում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի համագործակցությունը ունի ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ միջազգային նշանակություն.
«Այդ համագործակցության շնորհիվ յուրաքանչյուր երկիր ստանում է մեծ օգուտ, մեր համատեղ նախագծերը ծառայում են երեք երկրների շահերին: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծերը դուրս են գալիս տարածաշրջանի շրջանակներից և ունեն միջազգային նշանակություն:
Երեք երկրներն ամբողջովին ապահովում են իրենց էներգետիկ անվտանգությունը: Հետագայում երեք երկրները ներդրում կունենան Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ: Այսինքն, այսօր այստեղ անցկացվող բանակցությունները մեծ կարևորություն ունեն Եվրոպայի ու աշխարհի համար»:
Ալիևի խոսքերով՝ առնվազն 45 միլիարդ դոլար է ներդրվելու՝ Ադրբեջանից գազը Եվրոպա հասցնելու նախագծերում: