Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լևոն Ավետիսյանին: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ Արա Զաքարյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատավորը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը:
Արա Զաքարյանն ասաց, որ այս գործով ապրիլի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա Հենրիկ Հարոյանը, ով դատարանում հայտարարել է, որ չգիտի՝ ինչու է հրավիրվել դատարան, չի հիշում՝ նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո մեղադրողը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ հրապարակումից նա կարող է հիշել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:
Ա. Զաքարյանը նշեց, որ ինքն առարկել է այդ միջնորդության դեմ՝ նշելով, որ ցուցմունքը կարող է հրապարակվել միայն այն դեպքում, երբ նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հակասություններ լինեն: Ա. Զաքարյանի խոսքով՝ դատավորը որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին: Ապա դատավորն, ըստ Ա. Զաքարյանի, առաջարկել է դատավարության կողմերին հարցեր տալ վկային, սակայն նա շարունակել է նշել, որ ցուցմունք չի տվել, չի հիշում:
Փաստաբան Արա Զաքարյանի խոսքով՝ դրանից հետո մեղադրողը ևս մեկ անգամ միջնորդել է հրապարակել վկա Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքները, սական ինքն առարկել է այդ միջնորդության դեմ: Դատարանն այս անգամ, ըստ Արա Զաքարյանի, բավարարել է մեղադրողի միջնորդությունը, որոշել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, ինչն, ըստ պաշտպանի, չպիտի աներ:
Ըստ Արա Զաքարյանի՝ դրանից հետո ինքը խնդրել է ընդմիջել դատական նիստը, իրեն ժամանակ տալ և փոխանցել դատական նիստերի ձայնագրության կրիչը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը պատրաստելու համար, սակայն դատարանը հայտարարել է, որ դատական նիստը շուտով կավարտվի, պաշտպանը կունենա այդ ժամանակը: Արա Զաքարյանն ասաց, որ ինքն առարկել է նախագահող դատավորի գործողությունների դեմ և, ի վերջո, ինքը ստիպված է եղել լքել դատական նիստերի դահլիճը:
Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու: Նշենք, որ դատական նիստին ներկա են մի խումբ ազատամարտիկներ՝ «Ռեժիմ ես հայ եմ, սպանիր ինձ», գրությամբ վերնաշապիկներով: Մինչև դատական նիստի սկսվելը նրանք Վոլոդյա Ավետիսյանին դիմավորեցին ծափահարություններով և «ազատություն» կոչերով: