Գերմանիան ուկրաինական ճգնաժամի համար առաջարկում է 5 կետից բաղկացած պլան
Frankfurter Allgemeine Zeitung թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առաջարկել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման 5 կետանոց պլան. «Իմ կարծիքով՝ այսօր առաջին հերթին անհրաժեշտ է կատարել հետևյալ 5 քայլերը:
1) Անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցությունների երկրորդ փուլ (Ժնև 2): Դա կլինի քաղաքական հզոր ազդանշան, որ բոլոր չորս կողմն էլ ճանաչում են պայմանավորվածությունները և ցանկանում են կյանքի կոչել դրանք:
2) մայիսի 25-ին Ուկրաինայում ժողովրդավարական ճանապարհով պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնք կօրինականացնեն ուկրաինական նոր ղեկավարությանն ու կնպաստեն երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակի կայունացմանը:
3) Պետք է մեծացնել ԵԱՀԿ-ի միջնորդական դերը, մասնավորապես կլոր սեղանների ու կոնֆերանցների միջոցով՝ տեղական, տարածաշրջանային ու ազգային մակարդակներով:
4) Պետք է քննարկել Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումները՝ դրանում ներգրավելով երկրի շրջանների ու հասարակության բոլոր ներկայացուցիչներին:
5) Պետք է զինաթափել ոչ պետական խմբավորումներն ու ազատել հասարակական շենքերը»: