
Լախդար Բրահիմին պատրաստվում է հրաժարական տալ. Asharq Alawsat

Արաբական Asharq Alawsat թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին պատրաստվել է մայիսի վերջին հրաժարական տալ: Թերթի տվյալներով՝ Բրահիմին դա պատրաստվում էր անել դեռևս անցյալ ուրբաթ, երբ նա հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, սակայն վերջինս նրան համոզել է մնալ այդ պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել նրան փոխարինող:
Ակնկալվում է, որ նոր հատուկ ներկայացուցչի անունը կհրապարակվի ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների, ինչպես նաև Գերմանիայի ու Թուրքիայի միջև խորհրդակցություններից հետո: Հավանական թեկնածուների թվում նշվում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ինչպես նաև Ավստրալիայի նախկին վարչապետ Քևին Ռադի անունները:
Ալժիրցի դիվանագետ Բրահիմին իր ներկայիս պաշտոնում փոխարինել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին: