
ԵՄ-ի անդամ և ոչ մի երկիր չի ցանկանում իր զորքերն ուղարկել Ուկրաինա. Շտայնմայեր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ԵՄ-ի անդամ և ոչ մի երկիր չի ցանկանում իր զորքերն ուղարկել Ուկրաինա, իսկ ռուս-ուկրաինական հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով.
«ԵՄ-ում չգիտեմ մեկին, ով իսկապես կցանկանար իր զորքերն ուղարկել Ուկրաինա: Մենք մատնված ենք դիվանագիտական միջոցներ ձեռնարկելուն»: Շտայնմայերը վերստին առաջարկել է Ուկրաինայի շուրջ գումարել «Ժնև 2»՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շտայնմայերը դրականորեն է գնահատել ապրիլի 17-ին Ժնևում տեղի ունեցած առաջին հանդիպումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքները սահմանափակվեցին քաղաքական փաստաթղթերով՝ առանց ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կոնկրետ մեխանիզմների հստակեցման:
Շտայնմայերին հատկապես մտահոգում են մայիսի 9-ին Ուկրաինայում հնարավոր սադրանքները, ինչպես նաև մայիսի 11-ին Դոնեցկում նշանակված հանրաքվեն: