
Իրանը պլանավորել է Իրաքին գազ մատակարարելու գործընթացը սկսել այս տարի

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարել է, որ ավարտվել են Իրանից Իրաք գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի շուրջ կատարվող աշխատանքները: Նա հավելել է, որ հաշվի առնելով երկկողմ բանակցությունների արդյունքները՝ իրանական գազի մատակարարումն Իրաք կսկսվի այս տարի:
Անդրադառնալով իրանական գազը Իրաքի, Սիրիայի ու Միջերկրական ծովի միջոցով դեպի Եվրոպա արտահանելու մասին Իրանի, Իրաքի ու Սիրիայի միջև եռակողմ համաձայնագրին՝ Ալի Մաջեդին ընդգծել է, որ այդ համաձայնագրի իրագործումը կասեցվել է Սիրիայում իրավիճակի սրման պատճառով:
Մաջեդին հավելել է, որ ներկա դրությամբ կառուցվում են գազատարներ՝ նախատեսված այդ մատակարարումների համար: Իրան-իրաքյան գազատարի երկարությունը կազմելու է մոտ 100 կիլոմետր: Այն պետք է շահագործման հանձնվի երեք ամիս անց: Առաջին փուլում դրանով կմատակարարվի օրական մինչև 5 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը հետագայում կկրկնապատկվի: