
Ռուսաստանը կասեցրել է Լիտվայի հետ պաշտպանական համաձայնագիրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կասեցրել է Լիտվայի հետ երկկողմ ռազմական տեսչությունների մասին 2001 թվականին կնքված համաձայնագիրը: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ՊՆ-ը: Դա տեղի է ունեցել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումից Բալթյան երկրների աճող մտահոգության ֆոնին:
Համաձայնագրի համաձայն, Լիտվան կարող էր տեսչական ստուգում իրականացնել Կալինինգրադում տեղակայված ռուսական զորքերում: Լեհաստանի ու Լիտվայի միջև տեղակայված այդ անկլավում բազավորված է ռուսական Բալթյան նավատորմը:
Համաձայնագրով Ռուսաստանն իր հերթին կարող էր համանման տեսչություն իրականացնել Լիտվայում: Լիտվայի ՊՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Լիտվան պահպանել է այդ համաձայնագրի բոլոր պայմանները և որևէ հիմք չի տվել Ռուսաստանի կողմից նման կերպ վարվելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» մասշտաբային զորավարժությունները: