Նոր կառավարությունը 3 անգամ հարուստ է նախորդից
Երբ նոր կառավարությունը նոր էր ձևավորվում, և նշանակվել էին առաջին 4 նախարարները, անդրադարձանք շրջանառվող այն տեղեկություններին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է առաջարկել նախարարներին` հրաժարվել աշխատավարձերի նախատեսվող բարձրացումից։
Այն ժամանակ տեսակետ էինք հայտնել, որ նոր վարչապետը նման առաջարկ կամ կոչ անելու բարոյական իրավունք կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե նախարարները նյութապես լինեն իր նման ապահովված (կամ իրեն գոնե ինչ-որ չափով մոտ)։ Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է բավականին խոշոր դրամական միջոցներ։ Իր կնոջ հետ միասին` վարչապետի դրամական միջոցները 2013-ի վերջին դոլարային արտահայտությամբ կազմել են ավելի քան 6.1 միլիոն դոլար։
Այժմ կառավարության կազմը հայտնի է, և կարելի է գումարային համեմատություններ կատարել նախորդ կառավարության հետ։ Այսինքն` պատկերավոր ասած` կարելի է թվային ցուցանիշներով համեմատել` ո՞ր կաբինետն է ավելի հարուստ։ Նշենք, որ ստորև ներկայացվող տվյալներում հաշվի են առնվել նախարարների և նրանց կանանց դրամական միջոցները։
Եվ այսպես, միանգամից ասենք, որ նոր կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարությանը։ Ներկայիս կառավարության անդամները` իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։ Նախորդ կառավարության «ունեցվածքը»` գումարային արտահայտությամբ` 8.3 միլիոն դոլար էր։ Ընդ որում, նոր նախարարներից երկուսի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն. խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին։ Այսինքն, նրանց տվյալները հաշվի առնելու պարագայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։
Նախարարներն իրենց խնայողությունները պահում են հիմնականում ամերիկյան դոլարով (23 միլիոնից 16-ն ԱՄՆ դոլարով է)։
Եվս մի հետաքրքիր օրինաչափություն։ Վարչապետն ու նոր նշանակված բոլոր նախարարներն ավելի հարուստ են, քան նրանց նախկինները։ Հովիկ Աբրահամյանն, ինչպես նշեցինք, իր կնոջ հետ միասին ունի 6.1 միլիոն դոլար, մինչդեռ Տիգրան Սարգսյանի և նրա կնոջ դրամական միջոցները 1.1 միլիոն դոլար էին կազմում։ Կամ, օրինակ` բնապահպանության ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանը, ըստ հայտարարագրի, ունի 3.7 միլիոն դոլար` Արամ Հարությունյանի 953.9 հազարի դիմաց։
Ամենահարուստ նախարարը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, նա և իր կինը միասին հայտարարագրել են 5.7 միլիոն դոլար և 452 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Երրորդը` բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։ Նորանշանակների թվում 1 միլիոն դոլարից ավելի դրամական միջոցներ է հայտարարագրել նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Ցանկին առավել մանրամասն կարող եք ինքնուրույն ծանոթանալ։
Ամփոփելով` նշենք, որ դատելով այս տվյալներից` Հովիկ Աբրահամյանը կարող է կոչ անել նախարարներին` հրաժարվել աշխատավարձերի բարձրացումից։ Իհարկե, կան նախարարներ, ովքեր շատ համեստ միջոցներ ունեն` ըստ հայտարարագրի (օրինակ` Հասմիկ Պողոսյանը)։ Սակայն, քանի որ ՀՀԿ-ն միասնական թիմ է, ապա միլիոնատերերը կարող են կոմպենսացնել նրանց վնասները։ Չէ՞ որ Հովիկ Աբրահամյանը, ինչպես ասում են, մարդկանց հետ լեզու գտնելու հարցում անգերազանցելի է։