Արմեն Խարազյան. Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր

«Արևմուտք-Ռուսաստան բախման արդյունքում ամենաշատը տուժելու է հենց Ռուսաստանը, և նրա այսօրվա դաշնակից, «կողապատճեն» (ինչպես Եվան` Ադամից) ռեժիմները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը։

Ըստ նրա՝ թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում գիտակցում են ռուսական էներգակիրներից կախվածության վտանգն ու Ռուսաստանի ցանկությունը՝ այդ կախվածությունն օգտագործել չափից ավելի կոպիտ, անհարկի նպատակներով. «Ռուսաստանը պարզապես չունի ազդեցության այլ լուրջ լծակ և չի էլ պատկերացնում, թե ինչպես է գերագնահատում իր խաղաթղթերը։

Արևմուտքում արդեն հասունացել է Եվրոպական էներգետիկ միության գաղափարը, և դրա հիմքում ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման բազմանիստ ռազմավարություն է՝ նոր տեխնոլոգիաների ներդրում, էներգիայի աղբյուրների, մատակարարների, փոխադրման ուղիների ու մեթոդների դիվերսիֆիկացում, սեփական ռեսուրսների ավելի եկամտաբեր շահագործում, էներգախնայողություն և բաշխման արդյունավետացում։ Վաղ թե ուշ Եվրոպան նվազեցնելու է ռուսական գազից իր կախվածությունը, և Ռուսաստանն այդ հաղթաթուղթն այլևս չի ունենալու… Այս հեռանկարը ոչ ոք չէր ցանկանա քննարկել, սակայն Ռուսաստանի վերջին քայլերը վկայում են, որ այն անտեսելը ոչ միայն չի զսպելու վտանգը այլև ավելացնելու է»:

Ի՞նչ դիրքորոշում պետք է դրսևորի Հայաստանը ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունում: Ի պատասխան այս հարցին` Ա.Խարազյանը նշեց. «Ես դժվարանում եմ և չեմ էլ ցանկանում Հայաստանին խորհուրդներ տալ… Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր։ Այդ մասին բազմիցս ասվել է, երկրորդ սթափ կարծիք ուղղակի չի կարող լինել, և կրկին դրան անդրադառնալ իմաստ չունի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս