Բաժիններ՝

Եկեղեցու սպասավորների 90 տոկոսը բիզնես ունի. կարգալույծ արված հոգեւորականի նոր բացահայտումները. ԳԱԼԱ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավոր տեր Մարտիրոս քահանա Բերբերյանը, այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում նոր բացահայտումներ է արել՝ խոսելով իրեն՝ կարգալույծ հռչակելու մասին արված պատճառաբանություններից, համաձայն որոնց քահանային կարգալույծ են արել, քանի որ նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանը ասել է, որ խնդիրը դա չէ. Անձնական բնույթի մի խնդիր կա, որի մասին առայժմ լռում է եւ կխոսի երբ ժամանակը գա: Ապա ասել է, որ ինքը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ չի ցանկացել բիզնես անել եկեղեցում, ինչպես շատերն են անում: Հետո փաստել, որ եկեղեցու սպասավորների 90 տոկոսը բիզնես ունի, որը գրանցված է ոչ թե սպասավորների անուններով, այլ ազգականների:

– Տեր Մարտիրոս, Մայր Աթոռից մեկնաբանեցին, որ դուք ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվում: Այդ իսկ պատճառով էլ ձեզ հեռացրել են:Կան տեղեկություններ, որ դուք խաղալիքների արտադրությամբ եք զբաղվում:

-Դա գաղտնիք չի եղել, դա իսկապես եղել է, բայց մինչև իմ քահանա ձեռնադրվելը, երբ նախկին թեմի առաջնորդը՝ Տիրան սրբազանը, ինձ առաջարկեց քահանա ձեռնադրել՝ ժողովրդի փափագով, այն ժամանակ ես ասացի, որ ես ունեմ գործ, որի միջոցով ես իմ ընտանիքի ապրուստն եմ հոգում և պիտի շարունակեմ այդ ձևով ապրել, որովհետև ես չեմ ուզում եկեղեցուց փող վերցնել, քանզի դա իմ սկզբունքն է, իմ համոզմունքն է, որ ես պետք է ծառայեմ Աստծո տանը անշահախնդիր, իմ ապրուստը այլ ձևով ճարեմ և իմ ընտանիքը դրանով ապրեցնեմ: Եղբորս հետ միասին ընդհանուր գործ ունենալը գաղտնի չեմ պահել ես: Սրբազանը համաձայնել է դրան և ինձ այն ատեն քահանա է ձեռնադրել: Սա է եղել ընդամենը:

-Ապա այդ դեպքում ինչո՞ւ են ձեզ հեռացրել ձեր ծառայությունից:

-Իմ կարծիքով ինձ ծառայությունից հեռացնելու պատճառը դա չի եղել, ուրիշ բան է, դրանք ընդամենը փրփուրներն են, որ նրանք կախվել են դրանից, եթե այսօր պիտի «կողքից գործ ունենալու համար» քահանաներին հեռացնեն, ապա ուրեմն այսօրվա հոգևորականների 90 տոկոսին պետք է հեռացնեն եկեղեցուց, որովհետև բոլորն էլ կողքից գործեր ունեն, բայց նրանք իմ նման անկեղծ չեն, չեն ասում, որ ունեն, այլ ասում են, որ դրանք եղբորինս է, մորաքրոջս աղջկանն է, հորեղբորս տղունն է կամ ուրիշ ինչ-որ բարեկամներինն է և այլն, և այլն, բայց ինքնին հենց նրանք են դրանց տերերը, և հենց նրանք էլ այդ հասույթներից օգտվում են: Իմ անկեղծությունը օգտագործեցին իմ դեմ, բայց խնդիրը դա չէ: Ես շեշտում եմ, որ կա անձնական խնդիր, եթե իմ հետ անձնական խնդիր չլիներ, ես նրանց ասել էի, որ եթե իմ ծառայությանս ձևը ձեզ չի համապատասխանում, ապա ինձ թողեք, ես գնում եմ իմ ծննդավայրը, այնտեղ եմ ուզում ծառայել: Ինչի՞ համար չթողեցին ես գնամ, այլ այդ քայլին դիմեցին: Ուրեմն ես փաստում եմ, որ իրենք կոնկրետ իմ անձի հանդեպ խնդիր ունեն, եթե կոնկրետ խնդիր չունենային, ապա կասեին՝ շատ լավ ես արել, մենք իրար հետ միշտ հոգևոր եղբայրներ ենք մնում, վերցրու նամակը, դու կարող ես գնալ այն թեմը, այն առաջնորդի մոտ, ով որ քեզ ընդունում է քո ծառայության ձևով հանդերձ, թող ընդունի: Ինչի՞ համար էր պետք գնալ այս քայլին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս