Բաժիններ՝

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձը Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով

Մամուլը հասարակության ջերմաչափն է, որով գրեթե անսխալ հնարավոր է որոշել տվյալ հանրության և պետության առողջությունը՝ դրանց կայացման և զարգացման աստիճանը: Խոսքի և մամուլի ազատությունն այն եզերքն է, դեպի որը անկանգ ընթանում են լրագրողներն ամբողջ աշխարհում: Մամուլի ազատությունը ծնվում և մեծանում է ամեն օր՝ լրագրողների անդադրում, հետևողական և նվիյալ աշխատանքի ընթացքում: Մամուլի ազատությունն անբաժան է մասնագիտական արժեքների ու սկզբունքների հանդեպ հավատարմությունից և դրանց ամենօրյա պաշտպանությունից:
Ոչ մի լրագրող իրականում չի կարող հաշտվել անազատության և սահմանափակումների հետ: Մամուլի ազատությունն ընտրություն է. յուրաքանչյուր ազատ լրագրողի ընտրությունը:

Մենք՝ Հայաստանի լրագրողներս, մեր հայրենիքի և նրա նոր ժամանակների կենսագիրներն ենք, և մեր իրավունքն է ու պարտքը մեր ժամանակները, նրանց բերած բերած իրողություներն ու իրականությունը ներկայացնել անխաթար և ճշմարիտ, ինչպիսին էլ լինեն դրանք:

Մամուլի ազատության օրվա առիթով շնորհավորելով Հայաստանի և հայկական Սփյուռքի լրագրողներին ողջ աշխարհում՝ մաղթում եմ, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մեզ երբեք չլքի այն համոզումը, որ ընտրելով և պաշտպանելով մամուլի ազատությունը՝ մենք ընտրություն ենք կատարում հանուն Հայաստանի Հանրապետության հասարակության և պետության ազատության, անկախության և ժողովրդավարության:

3 մայիսի, 2014 թ.
ք. Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս