Բաժիններ՝

Համեմի բացառիկ բուժիչ հատկությունները

Բույսի հականեխիչ հատկության մասին գրված է Սուրբ գրքում . «Եւ նորան առաւոտուան թողեցինգ եւ չհոտեց, ոչ էլ մեջը որդ եղաւգ։ Եւ Իսրայելի տունը նորա անունը Ման դրին. եւ նա գինձի սերմի պէս սպիտակ, եւ համը մեղրով շինուած գաթայի պէս էրգ։ Եւ Իսրայելի որդիքը քառասուն տարի կերան մանանան» (Ելից, ԺԶ, Լորերը և մանանան)։

Իսկ ուրիշ ի՞նչ տեղեկույթ կարող է գաղտնագրված լինել այս տողերի մեջ, ի՞նչն է առաջնահերթ անհրաժեշտ մարդու և ցանկացած կենդանի բջիջի գոյատևման համար և ունի համակարգային նշանակություն կյանքի շարունակականության համար, ինչպես` ջուրը և օդը։

Կան մոտ 600 նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդուն, սակայն առանց օդի, ջրի և սելեն միկրոտարրի այդ բոլորը պարզապես անիմաստ են դառնում։
Սելենը կա մարդու բոլոր բջիջներում, օրգանիզմին անհրաժեշտ է օրը 50-200 միկրոգրամ սելեն։ Այս արժեքավոր տարրը պարունակվում է ձվի դեղնուցում, արևածաղկի և եվիպտացորենի սերմում, հատիկավորների սերմում և դրա մատղաշ ծիլերում, և այլն։

Զգալի քանակությամբ սելեն է պարունակվում համեմի-26,3 մկգ, կտավատի-25,4 մկգ, սամիթի-12,1 մկգ սերմերում, սխտորի մեջ-14,2 մկգ։ Ըստ որոշ տվյալների` նաև համեմի-29,3 մկգ և կերվելուկի-29,3 մկգ տերևներում, նեխուրի արմատում-0,7 մկգ և տերևում-0,4 մկգ, մաղադանոսի տերևում և այլն։

Կարդացեք նաև

Ուրեմն մանանան պարունակո՞ւմ էր սելեն, հավանաբար` այո, քանի որ մարդը 40 տարի առանց սելենի ապրելու դեպքում` պարզապես կզրկվեր սերնդատվության աստվածային շնորհից, քանի որ ժառանգականության պահպանման համար պատասխանատու վիտամին E-ն անզոր է` առանց սելենի կատարել իր առաքելությունը։ Բացի այդ, E վիտամինի և սելենի համատեղ գործելու շնորհիվ է, որ պահպանվում է մարդու միտքը և հիշողությունը։
Սելենը, E, C, A վիտամինները մարդու իմունային համակարգի առաջամարտիկ պաշտպաններն են։

Պաշտպանական համակարգի կայունության համար պատասխանատու են երկաթը, մարգանեցը, ցինկը, ֆլավոնները, ֆենոլային նյութերը և այլն։
Համեմի 100 գ սերմում պարունակվում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մարգանեցի մեկ օրվա չափաբաժնի 95 %-ը, պղնձի 97,5 %, ցինկի 39,2 %, երկաթի-90,7 %, սելենի-47,6 %։

Համեմի սերմը հարուստ է նաև առողջության համար կարևոր նշանակություն ունեցող մակրոտարրերով` կալցիում-70,9%, մագնիում-82,5%, կալիում-50,7%, ֆոսֆոր-51,5%, անհամեմատ քիչ է նատրիումը-2,7%։ Պարունակում է վիտամիններ B1-մեկ օրվա չափաբաժնի 15,9%-ը, B2-16,1 %, B3-10,7 %, C-23,3%, կարոտինային նյութեր, վիտամին A։

Բավականին բարձր է սերմի սննդային արժեքը` սպիտակուց-12,37գ (օրգանիզմի մեկ օրվա պահանջարկի 27%-ը), ճարպ-17,8գ (31,7%), ածխաջրեր-13,1գ (5,3%), բջջանք-41,9գ (210%)։
Սերմի 100 գրամի էներգետիկ արժեքը 298 կկալ է, նույն քանակի թարմ տերևինը` 23 կկալ, իսկ չոր տերևինը` 216 կկալ։

Համեմի ծաղկման շրջանը և մեղրի օգտակար հատկությունները
Համեմը, նույնն է` գինձը (coriandrum), հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։

Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։
Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։

Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։

Ծաղկման շրջանում մեղվափեթակները տեղափոխում են համեմի հոծ դաշտին մոտ։ Մեկ հեկտարի մեղրատվությունը տատանվում է 120-200 կգ սահմաններում, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` 300 կգ և ավելին։

Մեղրը պարունակում է զգալի քանակությամբ եթերային յուղեր, որոնք ունեն յուրահատուկ սուր բուրմունք և համ։ Բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս հետո, ունի սաթի գույն։ Խորհուրդ է տրվում` որպես մարսողությունը լավացնող, վերքամոքիչ միջոց` հատկապես թութքի դեպքում.

  • 1ճ/գ մեղրը լուծեք 200 մլ կաղամբի թարմ հյութի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
  • Մշակեք թութքի վերքը մեղրի և բազուկի հյութի կամ մեղրի և բուսայուղի` (1։1) խառնուրդով։
  • Մեղրը խառնեք ցանկացած` թութքի բուժման համար նախատեսված դեղամիջոցի կամ քսուքի (օրինակ` վինիլինի) հետ 1։1։
  • Մեղրը լուծեք կորյակների բուժման համար նախատեսված թուրմերի մեջ, օրինակ, 1 ճ/գ եղեսպակի թուրմը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, լուծեք 1 թ/գ համեմի մեղր։ Դրեք թրջոց։

Համեմի պտղի կիրառումը տնտեսության մեջ
Պտուղն օգտագործում են լիկյորների, օղու, երշիկեղենի, իսկ Գերմանիայում և Անգլիայում` գարեջրի արտադրության մեջ։
Որպես որդաթափ միջոց` խառնում են ձիերի` 10-25գ, խոզերի և կովերի` 5-10գ, շների` 0,2գ-2գ կերի մեջ։

Վերամշակումից հետո առաջացած թափոններով կերակրում են կենդանիներին։ Պտղից ստանում են բուսայուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։

Պտղի եթերային յուղի բուժիչ հատկությունները
Մինչև ծաղկման շրջանը բույսի մեջ պարունակվում են ալդեհիդներ, որոնք ունեն տհաճ հոտ։ Դա է պատճառ հանդիսացել, որ բույսն անվանվել է «կորիանդր», հունարեն` «փայտոջիլ» բառից։

Համեմը պտղաբերում է ոչ հավասարաչափ. հասունացող պտուղներում սկսում է ավելանալ եթերային յուղը, որի քանակությունը տատանվում է 0,8-1,5% սահմաններում։ Եթերային յուղը (Օleum Coriandri) պարունակում է ալիֆատիկ սպիրտ լինալոոլ` 60-70%, նաև գերանիոլ, օրգանական թթուներ, չնչին քանակությամբ ալդեհիդ և այլն։ Յուղն անգույն է կամ բաց դեղին։

hamem

Լինալոոլը և հերանիոլն օգտագործվում են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքային արտադրությունում։ Դրանք ունեն մանուշակին, հովտաշուշանին, վարդին, նույնիսկ կիտրոնին բնորոշ բուրմունք։

Կորիանդրի յուղն արտադրական ծավալների չափով զիջում է միայն վարդի և նարդոսի յուղերին։

Լայն կիրառում ունի օծանելիքի արտադրությունում։ Կորիանդրի յուղի հիմքի վրա ստացված միջոցները կիրառում են կորյակների, մաշկի բորբոքումների և թեփոտման, աչքերի ստորին կոպերի այտուցման դեպքում, մաշկը սպիտակեցնելու համար։ Օգտագործում են մաշկի տարիքային փոփոխությունները դանդաղեցնելու, ճարպոտ, բարակ և ներկված մազերի խնամքի համար։

2012թ. օգոստոսին «The Dayli Mail» պարբերականը գրել է. «Պորտուգալիայի University of Beira interior բժշկական կենտրոնի մասնագետները կարծում են, որ համեմի սերմի յուղը նպաստում է սալմոնելի, աղիքային ցուպիկի և թվով 10 այլ բակտերիաների հարուցած հիվանդությունների բուժման ընթացքին»։

Նման հայտարարություն է արվել նաև 2004-ին։ ԱՄՆ գիտնականները համեմի տերևում հայտնաբերել են մի քանի բուսական ծագում ունեցող հակաբիոտիկներ, որոնցից մեկը (անվանել են դոդեցենալ) ավելի ազդեցիկ է, քան գենտամիցինը։
Պորտուգալացիները բացահայտել են. «Համեմի ակտիվ նյութերը ճեղքում են բակտերիաների արտաքին պաշտպանիչ թաղանթը և թափանցելով բջջի մեջ տրոհում են այն»։

Համեմի բուժիչ հատկությունները` արևելյան բժշկության տեսանկյունից
Տերևը և խոտն ունեն հականեխիչ հատկություն, թարմացնում են շնչառությունը։ Պարունակում են ֆլավոններ և ֆենոլներ, որոնք բարելավում են մարսողությունը և այլ հակաօքսիդանտ նյութերի հետ համատեղ` բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և վերացնում են ալերգիկ ռեակցիաների պատճառները։

Իջեցնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ և բարձրացնում մկանների զգայունությունն ինսուլինի հանդեպ։

Կարծում են, որ համեմից ստացված պատրաստուկներն ունեն ոչ միայն հակաբակտերիալ, այլ նաև հակավարակային հատկություն, ինչպես, օրինակ, սխտորը։ Ճնշում են բորբոսի և այլ պաթոգեն սնկերի գործունեությունը և մաքրում օրգանիզմը դրանց արտադրած թույներից։

Համեմն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում։
Համեմի տերևը պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք օգտակար են դաշտանի ուշացման և նույնիսկ էնդոմետրիոզի դեպքում, քանի որ բույսն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն։

Սերմը կանխում է հելմինտների զարգացումը և ունի որդաթափ հատկություն։
Սերմը հեռացնում է գազերը։ Խորհուրդ է տրվում ուտելուց հետո ծամել մեկական գրամ ռազիանի և համեմի սերմի խառնուրդ (1։1)։

Ըստ Այուրվեդայի` համեմի կանաչ զանգվածը, սերմը և եթերային յուղը, ի տարբերություն այլ բուրավետ բույսերի, ունեն հովացնող հատկություն և կարող են փոխարինել սննդակարգում կծվահամ համեմունքը կամ մեղմել դրա ազդեցությունը։
Համարվում է, որ համեմը հատկապես օգտակար է գիրանալու հակում, անհանգիստ քուն ունեցող մարդկանց, նաև վատ մարսողության դեպքում։
Զսպում է ախորժակը, նպաստում է կաթնամթերքի և մրգերի մարսելուն, հեռացնում է գազերը, ունի միզամուղ հատկություն, հեռացնում է հեղուկի ավելցուկը, կանխարգելում է այտուցների առաջացումը։

Ախտահանում է աղիները և նպաստում է օգտակար նյութերի յուրացմանը։ Կանխարգելում է այրոցքը, զկրտոցը, հանգստացնում է որովայնի խիթերը։
Բացում է լեղածորանները։ Քրքումի հետ համատեղ` վերականգնում է լյարդի բջիջները։
Կարգավորում է ճարպերի փոխանակումը, նպաստում է ճարպերի կուտակումների վերացմանը և հավասարաչափ բաշխմանն օրգանիզմում, կարգավորում է ազատված էներգիայի բաշխումը։

Չինացիները համեմատաբար ուշ են սկսել մշակել համեմը (Ք.հ. 4-րդ դար)։ Նրանք համարել են, որ համեմի տերևն անմահություն է պարգևում և խթանում է սիրո զգացումը։ Նման կարծիքի է եղել նաև ֆրանսիացի արքա Կարլոս Մեծը (իշխել է 771-814թթ.), ով դեղաբույսերի գիտակ է եղել։
Ժամանակակից հնդիկ գիտնականները կարծում են, որ համեմի տերևն իրոք աֆրոդիզիակ է, և այդ երկրի տղամարդիկ երբեմն գերազանցում են թույլատրելի չափաբաժինները։

Համեմի տերևի աֆրոդիզիակ հատկությունը գովերգվում է նաև «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների ժողովածուում։
Պտուղը կարող է ազդել տրամագծորեն այլ կերպ. եթե 7-8 գրամ սերմն 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք ջրի մեջ և խմեք, ապա սիրո կիրքը զգալիորեն կնվազի։

Զգուշացում։ Ա. Ամասիացին գրել է. «Համեմը չի կարելի չարաշահել, կմթագնի հիշողությունը, կդադարեցնի սերմնարտադրությունը, խռպոտ կդարձնի ձայնը։ Գինձի թարմ հյութը թունավոր է և կարող է մահացու լինել»։
Ավելացնենք` կառաջացնի անքնություն, կխախտվի դաշտանային պարբերականությունը։

Կարևոր է իմանալ, որ ժամանակակից պատկերացումների համաձայն` գործնականում առողջ մարդու համար անվնաս են համարվում սամիթի 4 գ չոր սերմը և 35 գ թարմ կանաչին։ Իսկ հյութի մահաբեր քանակի չափը սահմանել է Ավիցենան.

  • 100 մլ, որը ստանալու համար բավականին շատ թարմ հումք և ժամանակ է պետք վատնել` անիմաստ։

Ի դեպ, Աստվածաշնչի վերը հիշատակված տեղում նշված է նաև Մանանայի թույլատրելի չափաքանակը։

Հակացուցումներ։ Խորհուրդ չի տրվում ուտել համեմի կանաչին և սերմը և բուժվել դրանից ստացված պատրաստուկներով.

  • Հղիության պլանավորման պահից մինչև երեխային կերակրելու շրջանի վերջը։
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` աթերոսկլերոզ, ինսուլտ, ինֆարկտ, տրոմբոֆլեբիտ։
  • Խոլեցեստիտ, ստամոքսաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց։
  • Ճնշման տատանումներ` հիպերտոնիա և հիպոտոնիա։
  • Ալերգիկ ռեակցիա։ Կարող է առաջանալ անհատական անընկալունակության դեպքում կամ առաջացնել խաչաձև ալերգիա բարդածաղկավորների ծաղկափոշու հանդեպ։ Ախտանիշերն են` քոր բերանում և լեզվի, շրթունքների, քիմքի, կոկորդի այտուցվածություն։

Համեմի տերևի քիմիական բաղադրությունը
Պարունակում է B1-0,07մգ (100գ հումքի մեջ), B2-0,16մգ, B3-0,11մգ, B5-0,57մգ, B6-0,15մգ, B4 (խոլին)-12,8մգ, B9 (ֆոլիաթթու)- 64 մկգ։

Վիտամին C-27մգ (մեկ օվա չափաբաժնի մոտ 25-40%), E-2,5մգ (17-21%), K1(ֆիլոխինոն)-310մկգ (256-344%), կարոտինային նյութեր-3,93 մգ։
Մակրոտարրեր` կալիում-521մգ (10-17%), նատրիում-46 մգ (1-1,7 %), կալցիում-67 մգ (5-8,5%), ֆոսֆոր-48 մգ (4,8-12%), մագնիում-26 մգ (6,5%)։
Միկրոտարրեր` երկաթ-1,77 մգ (10%), պղինձ-0,23 մգ (11%), ցինկ-0,5 մգ (3,3%), մարգանեց-0,425 մգ (21,2%), սելեն։

Տերևի սննդային արժեքը ցածր է` սպիտակուց-2,1գ, ճարպ-0,5գ, ածխաջրեր-1,9գ, սննդային մանրաթել-2,8գ, ջուր 92,2գ, մոխիր-1,5գ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս