40 հարված՝ երիտասարդ հայ կնոջը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Ապրիլի 21-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում։ Սամարցևա փողոցում գտնվող բնակարանում հայտնաբերվել է 26-ամյա, հայազգի Նունե Սարգսյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով՝ կրծքավանդակին, որովայնի և պարանոցի հատվածում։ Սպանություն կատարողը, ինպես պարզվել է, 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինն է, ով աշխատել է «Пицца экспресс» կազմակերպությունում որպես առաքիչ։
Ստացված վնասվածքներից Նունե Սարգսյանը տեղում մահացել է։ Այդ օրը, ըստ հարազատների, նա պետք է նշեր ծննդյան տարեդարձը։ Երիտասարդ աղջիկը ծնունդով Վանաձորից էր, սակայն ավելի քան 20 տարի ընտանիքի հետ ապրում Էր Ռուսաստանի Տյումեն քաղաքում։ Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա, որոնցից ամենափոքրը ընդամենը երեք ամսական է։
Փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Տյումեն քաղաքի ոստիկանության քննիչներին երեք օրվա ընթացքում հաջողվել է բացահայտել սպանությունը։ Ըստ այդմ պարզվել է, որ չարագործը կալանավորվել է և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 162 հոդվածի 4-րդ մասի (ավազակային հարձակում, որը ուղեկցվել է մարմնական ծանր վնասվածք հասցնելով) և ՌԺ 105 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավազակային հարձակմամբ կատարված սպանություն)։ Տյումենցի երիտասարդը քննիչներին պատմել է, որ Նունեն այդ օրը՝ ապրիլի 21-ին, պիցցա է պատվիրել, նա էլ առաքել է պատվիրված պիցցան և որոշել է թալանել աղջկան։Առաքումից հետո կրկին վերադարձել է՝ իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու համար։
Նունե Սարգսյանը թողել է որ նա տուն մտնի, և ահա՝ չարագործը հանել է դանակը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ 26-ամյա երիտասարդ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը։ Ստանալով պահանջվածը՝ ոսկե մատանիներ, գումար, տյումենցի Զախարը, մտավախություն ունենալով, որ Նունեն տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, վերջինիս դանակի շուրջ 40 հարված է հասցրել։ Սույն քրեական գործով նշանակվել է անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։
Նունե Սարգսյանի հետ կատարվածը ցնցել է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև տյումենցիներին։ Նրանք սոցցանցերի միջոցով իրենց վրդովմունքն են հայտնում միջադեպի վերաբերյալ։ Ոմանք նույնիսկ առաջարկում են դուրս գալ փողոց և ցույց անցկացնել արտահայտելով իրենց ցավակցությունը Նունե Սարգսյանի ընտանիքին և հարազատներին։
Կատարվածից հետո Նունեի հարազատները չեն համակերպվում այն մտքի հետ, որ երիտասարդ աղջիկն այլևս չկա։ Սպանվածի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը, news.am լրատվական կայքի հետ զրույցում, պատմելով դեպքի մանրամասներից, ասել Է. «Դեպքի օրը ժամը 14:30-ի սահմաններում մայրս զանգահարեց, թե առեւտրի սրահում ենք, արի միասին Նունեի համար նվեր առնենք ու գնանք։
Նվերը գնեցինք, հետո գնացինք եղբորս կնոջն ու 2 երեխաներին վերցրեցինք ու եկանք տուն։ Երեկոյան ժամը 8-ին պետք է միասին հավաքվեինք ու ռեստորան գնայինք, սեղան էինք արդեն պատվիրել, էն էլ… Մի քիչ շուտ հասնեի, Նունեին կփրկեի։
Մինչեւ տուն գալը զանգեցի Նունեին, բայց չվերցրեց, մտածեցի երեխայով է զբաղված։ Ինձ զանգահարում է եղ֊ բորս կինը, հիստերիայի մեջ գոռում է, թե Նունեն արյան մեջ կորած Է։ Ընդամենը մեկ րոպե հետո հասա տուն, տեսնեմ Նունեն արյունլվա։ Չէի հասկանում, թե այսքան արյուն որտեղից։ Սկզբում մտածեցի, որ գլուխը խփել է հատակին, գլխից արյուն է եկել։ Սկսեցի զննել, մայկան բարձրացրի, տեսա դանակի հարվածներ են, տասնյակ հարվածներ։ Միանգամից շտապօգնություն և ոստիկանության կանչեցի, բայց արդեն ուշ էր»։
Վերջինիս հարազատները իրենց ափսոսանքն ու զայրույթն են արտահայտում նաև «ВКонтакте» սոցիալական ցանցում։ «Իմ Նունե, չեմ համակերպվում այն մտքի հետ, որ դու էլ չկաս։ Շատ ուժեղ հարված էր քո մահը բոլորիս համար։ Սրանից դաժան էլ ինչ կարող էր յինել։ Դա հավերժ կմնաս մեր սրտերում»,– գրառել էր սպանված Նունե Սարգսյանի ընկերուհին։
Տյումեն ցիները պահանջում են, որ չարագործը ցմահ ազատազրկման դատապարտվի, իսկ ոմանք էլ փորձել են արդարացնել սպանություն կատարողին, և սա այն դեպքում, երբ վերջինս խոստովանական ցուցմունք է տվել և պատմել սպանության մանրամասները։ Մասնավորապես՝ օգտատերերից մեկը հետևյալ գրառումն էր թողել. «Նունեի երեխաները տանը չեն եղել (նշենք, որ հարազատները լրագրողների հետ զրույցում նշել են, որ Նունեին սպանել են 3 ամսական երեխայի ներկայությամբ– հեղ.)։
Նունեն մի քիչ խմել է, որոշել է պիցցա պատվիրել մի քիչ ուրախանալ, եթե բախտը բերի։ Պիցցայի առաքիչը եկել է, ի դեպ՝ այդ առաքիչի աշխատանքը երանելի աշխատանք չի եղել, նրա կյանքում բազմաթիվ խնդիրներ են եղել։ Աղջիկը առաքիչին գումարը քիչ է տվել, առաքիչը կրկին վերադարձել է բնակարան, ջղայնացել, տեղի է ունեցել վիճաբանության։ Առաքիչը հավասարակշռությունը կորցրել է ու արել այն ինչ-որ արել է, և որպեսզի տպավորություն ստեղծի, որ գողության ու սպանություն է եղել, արել է այն, ինչ արել է»։
Երեկ ՄԻՊ-ից, պատասխանելով մեր հարցին, թե հետևելով են այս գործին, ասացին որ այն իրենց լիազորությունների մեջ չէ, բայց եթե ունենան դիմումներ մասնագիտական աջակցաթյան համար, անպայման կօգնեն»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։