«Տղայիս հետ դասարանում խուսափում են դասընկերները շփվել՝ ասելով, որ քո շորերը հնամաշ են, կամ զզվում են իրանից». galatv.am
Տամուկ թիթեղյա տնակը Գյումրու բնակիչ 1981 թ-ին ծնված Զոհրապ Ատաշյանի միակ հարստությունն է ու 13 տարիների ձեռքբերումը, որին հասել է մեծ դժվարությամբ: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
Նա արդեն 13 տարի է ամուսնացած է, ունի 3 երեխա: Երկար ժամանակ ապրել է, ինչպես ինքն էր նշում, «թափառականի կյանքով», իր ընտանիքի հետ միասին: Այդ իսկ պատճառով փոքրիկ տնակում մեզ հյուրընկալելուց նկատեցինք անասելի հպարտություն: Սեփական կտուրի տակ հյուրեր ընդունողի վստահությամբ ներս հրավիրեց՝ ասելով «ոտներդ խերով, բարով եկաք» եւ անմիջապես աթոռ առաջարկեց:
Զոհրապը ամուսնանալուց հետո տարիներ շարունակ վարձով է ապրել:
«Հիմա որ երեխաներս փորձեն հիշել իրենց հայրական տունը, դա չկա, իրանք հայրական տուն չեն ունեցել, դրանք տարբեր տներ են եղել, որոնք մերը չեն, մերը այս տնակն է, իմ միակ ձեռքբերումը, ու շնորհակալ եմ Աստծուց նաեւ սրա համար»:
Զոհրապը Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում ընդունվել է աշխատանքի որպես բարձող բանվոր՝ ամսական վաստակելով 75.000 դրամ: Ըստ նրա՝ այս աշխատավարձով էլ հնարավորություն է տրվել նրան վարկային միջոցներով տնակ ձեռք բերել:
«Բայց երկու էրնեկ մեզպեսների համար չի լինում, նպաստս կտրեցին, պատճառաբանում են, որ ես բարձր աշխատավարձ եմ ստանում, ու հիմա չգիտեմ՝ էդ փողով տնակիս վարկը փակեմ, հացով ապահովեմ երեխաներիս, հագուստ գնեմ, թե կոմունալ վարձերը տամ»,- իր վիճակն է նկարագրում երիտասարդ ընտանիքի հոգսաշատ հայրը:
Ըստ նրա՝ երեխաները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն, բայց ֆինանսական վիճակը խոչընդոտում է նրանց միջավայր դուրս գալու եւ անկաշկանդ շփվելու համար:
«Մեծ որդիս՝ Հրաչյան, եւ միջնեկը՝ Ալբերտ Ատաշյանները, սովորում են Գյումրու թիվ 19 դպրոցում ու լավ են սովորում, երեխաներս ուսման հետ լավ են, Հրաչը ապրում է հորս եւ մորս հետ, նրան տատիկն ու պապիկն են խնամում, իսկ Ալբերտին ես եմ տանում դասի, բայց երբեմն տղաս չի ցանկանում գնալ դասի, վերջերս եմ պարզել, որ տղայիս հետ դասարանում խուսափում են դասընկերները շփվել՝ ասելով, որ քո շորերը հնամաշ են, կամ զզվում են իրանից»:
«Դասի շատ չեմ գնում, բայց զատո տանը պարապում եմ»,- ասաց նա ու փախավ սենյակից:
Իսկ փոքրիկ Աբրահամը Ատաշյանների ընտանիքի ամենակրտսերն էր՝ 6 տարեկան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: