ԲՀԿ-ն այլևս ՕԵԿ է, իսկ ՕԵԿ-ը՝ ընդդիմություն «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Հայոց քաղաքական դաշտն իր բնականոն հունով դեգրադացվում է, որոշ երեսփոխաններ շարունակում են «քաղաքական» գործունեությունը՝ սկզբունքի իսպառ բացակայությամբ:
Այս առումով գլխավոր դերում է «այլընտրանքային» ԲՀԿ-ն, որը մեկ տրվում է ՀՀԿ-ին, մեկ՝ ոչ իշխանական եռյակին, այդպես էլ չկարողանալով կողմնորոշվել, թե որն է քաղաքական դաշտում իր տեղը: Հանուն արդարության նշենք, որ որոշ ԲՀԿ-ականներ ոչ իշխանական խաբկանքին այնպես էին ընտելացել, որ դժվարությամբ են հաշտվում ՀՀԿ-ի հետ դաշնակցի խարանի հետ:
Երեկ, ինչպես նախօրեին, ԲՀԿ-ականները հայտնվել էին ծանր դրության մեջ, հատկապես ոչ իշխանական ժամանակահատվածի ակտիվիստները, ովքեր առավոտից երեկո կոկորդ պատռելով՝ սուր կրիտիկայի էին ենթարկում իշխանության ծրագրերը: Այս դասը երեկ չգիտեր ինչ պատասխանել այն հարցին, թե ինչու են մասնակցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարի քվեարկությանը, որի միակ թեկնածուն ՀՀԿ-ական Սահակյան Հովհաննեսն էր: Այդ քվեարկությունը բոյկոտել էր անգամ ՕԵԿ-ը՝ ընդդիմություն մկրտվելու անթաքույց ցանկությամբ:
Իսկ ԲՀԿ-ն, ճիշտ հակառակը՝ անգամ Հովհաննես Սահակյանի պատրվակն էր օգտագործել ՀՀԿ-ի գիրկը թռչելու համար: Քվեարկությունը բոյկոտել էր նաև եռյակը, այսինքն՝ կարելի է ասել, որ խորհրդարանում նոր ոչ իշխանական քառյակ է ձևավորվում՝ պարզապես ԲՀԿ-ի թափուր տեղը ՕԵԿ-ն է լրացրել: Այսպիսով, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն արդեն խորհրդարանական դաշտում խաղալու են պասերով:
ԲՀԿ-ականները փորձում էին հերքել իրենց ՕԵԿ-ացվելու գործընթացը, բայց չէր հաջողվում, քանի որ Գալուստ Գրիգորիչի քվեարկությունն ամբողջությամբ դիամակազերծել էր իրենց դերակատարումը: Միայն Վահագն Մախսուդյանը փոքր-ինչ անկեղծացավ, թե նորմալ է, որ հիմնական գծից մի քիչ շեղումներ լինեն:
«Մենք կառուցողական ենք, այն, ինչ լավ է, կողմ ենք քվեարկում, ինչ վատն է, դեմ ենք»: Այսինքն, Գալուստ և Հովհաննես Սահակյանները լա՞վն էին: «Դու ի՞նչ գիտես, թե ես ոնց եմ քվեարկել… Ես չեմ կարող ասել, դա իմ գաղտնիքն է, ես իմ խղճի առջև մաքուր եմ»:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Բազմասեր Առաքելյանը, անգամ «այո» կամ «ոչ» չասաց, գլխիկոր մտավ իր աշխատասենյակ ու դուռը փակեց: Մարտի 1-ի օպերացիայի համահեղինակ Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, նախ հրաժարվեց մեկնաբանություն տալ, քանի որ ինքը «զինվորական գործիչ» է, ապա վրա բերեց. «ԲՀԿ-ն այլընտրանք է, այլընտրանքային կազմակերպություն է», մի քիչ հետո շտկեց՝ «կուսակցություն է»: Արայիկ Աղաբաբյանը, «հետո, հետո» ասելով, ուղղություն էր բռնել դեպի իր աշխատասենյակ, բայց չդիմացավ ու հակադարձեց. «ԲՀԿ-ն ՕԵԿ չի կարող լինել… խնդրում եմ՝ հետո»:
Անգամ Միքայել Մելքումյանը, որ ամեն ինչ տնտեսագիտական ճշգրտությամբ հիմնավորում է, չգիտեր ասելիքը: Երբ հարցրինք, թե արդյո՞ք ԲՀԿ-ն ՕԵԿ-ի ուղին չի որդեգրել, քրթմնջաց.
«Չէ, չէ, չէ… ես չեմ կարծում…»: Նա էլ էր «շտապում»: Մարտուն Գրիգորյանը, ով վերջին շրջանում անողոք քննադատում էր գյուղատնտեսական ոլորտում ՀՀԿ քաղաքականության բացթողումներն ու թերացումները, երեկ քչախոս էր դարձել. «Դե, սրանով մեծ բան չի փոխվում… Ոչինչ էլ չի փոխվել, ԲՀԿ-ն իրա կարգավիճակի մեջ է»:
Վահե Էնֆիաջյանն էլ ինքնավստահ հայտարարեց, թե իրենք ոչ մի բան պատահական չեն անում. «Համեմատականները տեղին չեն որևէ քաղաքական ուժի հետ, քանի որ ԲՀԿ-ն իր գործառույթները հստակ իրականացնում է և ավելին, յուրաքանչյուր գործընթացի թե սկզբում, թե վերջում մեկնաբանում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, և հաճախ ԲՀԿ-ն ներսում որոշում է կայացնում, որ յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի մտոք, իր համոզմունքներով որոշում կայացնի՝ քվեարկի՞, թե՞ չէ»:
Վերջին քվեարկությունների մասով ասաց. «Մենք անում ենք այն, ինչ որ գիտենք՝ ճիշտ է, և ժողովուրդը կտեսնի, որ մենք ոչ մի բան պատահական չենք անում»: Նախկին ՕԵԿ-ական, ներկայում ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանը, որն ավելի տեղեկացված պիտի լիներ երկու կուսակցությունների համեմատության «պարամետրերին», զարմացած հարցրեց.
«Էդ ի՞նչ պարամետրերով եք չափում… Ասեմ Ձեզ ավելին, նախևառաջ ԲՀԿ-ն թեկնածու չէր առաջադրել, և ռեժիմն ազատ էր, և, ըստ դրա, պիտի քվեարկեին: Ես 11 տարվա պատգամավոր եմ, իմ անձնական մտերմությունն ունեմ Գալուստ Գրիգորիչի հետ, ձայնս տվել եմ իրան՝ բացահայտ: Ես քվեարկությունից մի օր առաջ եմ ասել՝ ձայնս տալու եմ իրան»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի« այսօրվա համարում։