Միթե վերջին ղալաթն էր սա. «Հրապարակ»
«Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ ինքը չի շնորհավորելու կառավարության նոր և վերանշանակված նախարարներին, այդ պահին դեռևս արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը որոշեց իր ոճի մեջ հակադարձել անեկդոտով.
«Մեկի գերեզմանին քար են դնում, վրան գրված՝ բոլորի կողմից, բացի Վալոդից»: Փաշինյանն էլ արձագանքեց. «Ի դեպ, հենց Վալոդն է նշանակվելու Ձեր փոխարեն’ որպես արդարադատության նախարար»:
Մի փոքր անց, հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը’ Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու մասին»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով. «Այս դրվագը ոչ այնքան զվարճալի է, որքան ցավալի:
Փաստորեն նախարարը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության տեսակետը՝ անեկդոտներով համեմված, բայց դեռ չգիտի, որ արդեն գործազուրկի կարգավիճակ ունի: Ինչպես երևում է՝ հատկապես Հրայր Թովմասյանը լավ չէր սերտել Ֆրանսիական հեղափոխության դասերը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»:
Բայց, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարարի նշանակումից թերևս անհանգստանալու խնդիր ունի ՀՅԴ-ն, քանզի Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ այն պահից, երբ հանեց իր նախարարական կոստյումը, արժանի հակահարված է հասցնելու Արմեն Ռուստամյանի հնչեցրած տհաճ գնահատականին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: