Հայը փող աշխատելու իրավունք չունի
2011թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն փոփոխություն կատարեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում, որով նախատեսվում էր, որ «25 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվը և 4500 սմ խորանարդ և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող մարդատար մեքենաները հարկվում են ակցիզային հարկով` 20 տոկոսի չափով»: Այս հարկն անվանեցին «շքեղության հարկ», քանի որ այն նախատեսվում էր թանկարժեք մեքենաների համար:
Այն ժամանակ օրենքի հեղինակները նշում էին, որ մի կողմից՝ դա կօգնի ավելացնել բյուջեի մուտքերը, մյուս կողմից՝ հարուստներն ավելի շատ հարկ կվճարեն թանկարժեք մեքենաներ գնելու և շահագործելու համար, և սա կլինի սոցիալական արդարության դրսևորում:
Այս փոփոխության ընդունումից գրեթե երկուսուկես տարի անց ԱԺ չորս պատգամավորներ` ՀՀԿ-ականներ Վարդան Այվազյանը, Արմեն Մխիթարյանը, Հովհաննես Սոֆոյանը և ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն առաջարկում են հրաժարվել մարդատար մեքենաների համար կիրառվող ակցիզային հարկից: Այս ԱԺ-ում ներկայացված փոփոխության նախագծի քննարկման ժամանակ նրանք նման փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում էին նրանով, որ ակցիզային հարկի ներդրումը բյուջեի մուտքերը ավելացնելու փոխարեն՝ պակասեցրել է:
Ըստ Վարդան Այվազյանի, եթե մինչև օրենքի նշված փոփոխության ընդունումը Հայաստան էր ներմուծվում 400-500 ենթաակցիզային համարվող մեքենա, ապա անցյալ տարի ներմուծվել է ընդամենը 51 նման մեքենա. մարդիկ հրաժարվում են թանկարժեք մեքենա գնել, կամ գտնում են հարկումից խուսափելու այլ մեխանիզմներ:
Ըստ Այվազյանի՝ եթե այս փոփոխությունն ընդունվի, թանկարժեք մեքենաների ներմուծումը կտրուկ կավելանա, և բյուջեն տարեկան կստանա հավելյալ 3-6 միլիարդ դրամ: Դիմելով իր ընդդիմախոսներին՝ Այվազյանը հարցնում էր. «Հիմա ո՞վ է ավելի շատ մտածում աղքատների մասին. դո՞ւք, թե՞ ես»: Հարուստների ու աղքատների թեմային անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ով հայտարարեց, որ ոչ թե «Հարուստների քանակը պետք է պակասեցնել, այլ աղքատներինը»:
Ի՞նչ են ասում այս օրենքի ընդդիմախոսները` ՀՅԴ և ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Արծվիկ Մինասյանն այս նախաձեռնությունն անվանեց «հակապետական», իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտածում է, որ նման փոփոխության հեղինակները ցանկանում են, որ ինչ-որ մարդիկ հիմա էժան գնով մեքենաներ ներմուծեն, որ հետո կարողանան դրանք թանկ գնով վաճառել:
Այս սխեման ավելի մանրամասն բացահայտեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այս փոփոխությունը սպասարկելու է մի քանի հարյուր մեծահարուստների շահերը»,- ասում է Զուրաբյանը: Նա կարծում է, որ օրենքի հեղինակները՝ գիտակցելով, որ Հայաստանը շուտով անդամակցելու է Մաքսային միությանը, որոշել են նման փոփոխություն մտցնել օրենքում, որպեսզի որոշ մարդիկ կարողանան արտասահմանից ավտոմեքենաներ ներմուծել Հայաստան, դրանք մաքսազերծել՝ ավելի ցածր գումար վճարելով, հետո, երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ և Մաքսային միության երկրների հետ կունենա ընդհանուր մաքսային սահման, այդ մեքենաները վաճառել Մաքսային միության անդամ մյուս երկրներում, որտեղ մաքսազերծման ավելի բարձր տոկոսներ են գործում, և դրանից շահույթ ստանալ:
«Իսկ երբ վարագույրը կիջնի, նրանք կկարողանան վաճառել այդ մեքենաները»,- այսպես է նկարագրում այդ գործարքի ավարտական մասը Լևոն Զուրաբյանը՝ դատապարտելով մեծահարուստների շահերի սպասարկմանը կոչված փոփոխությունը: «Վարագույր» ասելով՝ նա երևի նկատի ունի «Երկաթյա վարագույրը», որով ՄՄ անդամ երկրները տարանջատվելու են մյուս երկրներից:
Եթե անգամ օրենքի հեղինակների ցանկությունն այն է, որ հնարավորություն ստեղծեն հայ գործարարների` մեծահարուստների համար մեքենա ներմուծելու և դրանք հետագայում Ռուսաստանում վերավաճառելու միջոցով գումար աշխատել, ապա ինչո՞ւ են դրան դեմ ՀԱԿ և ՀՅԴ անդամ պատգամավորները: Եթե այսօր հայ գործարարները մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար մեքենա ներմուծեն, նրանք պետք է մաքսազերծեն այդ մեքենաները՝ ՀՀ բյուջե վճարելով այդ մեքենաների մաքսային արժեքի 32 տոկոսը, որը հսկայական օժանդակություն կլինի Հայաստանի տնտեսության համար: Դրանից Հայաստանը չի տուժի, այլ ընդամենը կօգտվի:
Միակ տուժողն այս դեպքում ՄՄ ընդհանուր բյուջեն է, և այդ կորուստն էլ խիստ հարաբերական է, քանի որ մի քանի հարյուր մեքենայի համար վճարվելիք մաքսազերծման գումարը դժվար թե էականորեն անդրադառնա Մաքսային միության երկրների տնտեսական իրավիճակի վրա: Բայց ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը որոշել են սկզբունքային լինել մինչև վերջ. ինչո՞ւ պետք է մի քանի հայ մեծահարուստներ և ՀՀ բյուջեն օգտվեն, իսկ Մաքսային միությունը տուժի: Սա անընդունելի է, և դրա դեմ պետք է պայքարել:
«Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՀԱԿ և ՀՅԴ պատգամավորները դեմ, որ հայ գործարարները կարողանան գումար վաստակել»,- հարցրեցինք օրենքի համահեղինակ Վարդան Այվազյանին: «Որովհետև հայը փող աշխատելու իրավունք չունի»,- պատասխանեց պատգամավորը: