
Եվրահանձնաժողովը որոշել է Ուկրաինային հատկացնել հավելյալ 365 միլիոն եվրո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը Ուկրաինային ֆինանսական ու խորհրդատվական օգնություն ցուցաբերելու շրջանակներում մտադիր է հատկացնել հավելյալ 365 միլիոն եվրո: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ այդ գումարը պետք է Ուկրաինայում ուղղվի կոռուպցիայի դեմ պայքարին, սահմանադրական բարեփոխումներ անցկացնելուն, ընտրական օրենսդրությունը և դատական համակարգը բարեփոխելուն: Դրա հետ կապված՝ որոշվել է Ուկրաինային հատկացնել 365 միլիոն եվրո ծավալով հատուկ փաթեթ:
Ակնկալվում է, որ այդ փաթեթի առաջին տրանշը հատկացվելու է Եվրահանձնաժողովի ու Ուկրաինայի կառավարության միջև Ֆինանսական համաձայնագրի կնքումից հետո: Այն կազմելու է 250 միլիոն եվրո: