
Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում հաստատվել է քաղաքական բարձր մշակույթ. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վստահ է, որ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները լինելու են նույնքան ժողովրդավարական ու ազատ, որքան և նախորդ ընտրությունները. «Այդպիսին է ներկայիս իշխանությունների քաղաքական կամքը»:
ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ «Վրացական երազանքի» ընտրական կամպանիայի մեկնարկի ժամանակ ներկայացրել է 12 ինքնավար քաղաքների քաղաքապետերի թեկնածուներին, որոնք ուղիղ ընտրությունների ճանապարհով կպայքարեն հունիսի 15-ին պլանավորված ՏԻՄ ընտրություններում:
Գարիբաշվիլիի խոսքերով՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում հաստատվել է քաղաքական բարձր մշակույթ, որն օգնել է նախագահական ընտրություններն անցկացնել ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական միջավայրում:
Ընդգծելով, որ առջևում սպասվում են ևս մեկ ընտրություններ՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրենք սկսում են նոր փուլ և վերստին պատրաստվում են հաղթանակի: «Վրացական երազանքը» Թբիլիսիի քաղաքապետի համար առաջադրել է Դավիթ Նարմանիայի թեկնածությունը, իսկ Ախալցխայի համար՝ Գեորգի Կոպաձեի թեկնածությունը: