
Տուրչինովն ուժային կառույցներին հրահանգել է ապահովել լրագրողների անվտանգությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՆԳՆ-ին ու Անվտանգության ծառայությանը հրահանգել է ապահովել լրագրողների անվտանգությունը:
Դա մասնավորապես առնչվում է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տարվող հակաահաբեկչական գործողությունը լուսաբանող լրագրողներին ու ԶԼՄ-ների այլ աշխատակիցների:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ռուսական մի շարք հեռուստաալիքների գլխավոր խմբագիրներ դիմում են ստորագրել, որում միջազգային կառույցներից` ներառյալ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը, պահանջել են պաշտպանել Ուկրաինայում աշխատող լրագրողների իրավունքներն ու ազատությունները:
Փաստաթուղթը հայտնվել էր այն բանից հետո, ինչ Ուկրաինայում հաճախակիացան ռուս լրագրողների ձերբակալման ու արտաքսման դեպքերը: Մասնավորապես, նախօրեին Ուկրաինայից արտաքսվել է Life News հեռուստաալիքի նկարահանող խումբը: Դրանից առաջ էլ չէր թույլատրվել Россия-1 և Россия-24 հեռուստաալիքների, Коммерсантъ և այլ թերթերի լրագրողների մուտքն Ուկրաինա: