Փողոցից դեպի մինի շուկաներ. այստեղ արգելքները չեն օգնի

Արցախի տարբեր շրջաններից գյուղացիներն իրենց գյուղատնտեսական արտադրանքը վաճառելու համար գալիս են Ստեփանակերտ: Ոմանք նախընտրում իրենց առեւտուրը կազմակերպել շուկայում, ոմանք էլ` փողոցներում` մի կողմից գնորդի հետ անմիջական կապ ստեղծելով, մյուս կողմից էլ նույն գնորդ-անցորդի համար անհարմարություններ առաջացնելով. զբաղեցնում են մայթերը, իրենց հետեւից տարբեր թափոններ թողնում:

Նմանատիպ առեւտուրը նաեւ վտանգում է մարդկանց առողջությունը. ակնհայտ է , որ մայթին, գետնին դրված սնունդը չի կարող զերծ մնալ փոշուց, կեղտից:

Ավելի քաղաքակիրթ առեւտրի կազմակերպման տարբերակը մինի շուկաներն են: Նման շուկա կա Ստեփանակերտի Ազատության հրապարակի մոտակայքում: Նախաձեռնողները մտածում էին, որ այնտեղ կտեղափոխվեն հրապարակի շրջակայքում առեւտուր անող գյուղացիները, սակայն այդպես չեղավ:

Չնայած նրան, որ ոստիկաներն անընդհատ արգելում են, գյուղացիները շարունակում են իրենց բակի, բանջարանոցի, դաշտ ու անտառի բարիքները գնորդին հրամցնել փողոցում: Բացատրում են այսպես` իրենց օրական եկամուտն այնքան չէ, որ օրական 300 դրամ վճարեն ընդամենը մի քանի մետր այն կողմ գտնվող շուկայում առեւտուր անելու համար:

«Եթե օրական այդքան տեղավճար տամ, ինձ ի՞նչ կմնա»,-ասում է գյուղացիներից մեկը, ով բերել է ընդամենը վեց ձու եւ մի քանի փունջ կանաչի:

Ազատության հրապարակի հարեւանությամբ գտնվող շուկայում իրենց ապրանքը վաճառողներն էլ մեկ այլ հանգամանքի մասին են շեշտում. շուկայի տեղը քաղաքացիներից շատերին հայտնի չէ, աշխույժ անցուդարձից, աչքից հեռու է, դրա համար էլ գնորդները քիչ են: Գալիս են միայն նրանք, ովքեր տեղը գիտեն, հիմնականում հարեւան շենքերի բնակիչները: Իսկ փողոցում կանգնելու դեպքում հավանական գնորդների թիվը մի քանի անգամ բազմապատկվում է:

Թերեւս գնորդին, իսկ նրա հետեւից նաեւ իր ապրանքը վաճառող գյուղացուն, մայթից կտրելու եւ շուկա բերելու համար ոչ թե արգելքներ են անհրաժեշտ, այլ լավ գովազդ, քաղաքի մարդաշատ հատվածներում էլ` ցուցանակներ, որ կազդարարեն մինի շուկաների գոյությունն ու տեղը:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս