Բաժիններ՝

«Այն երկրները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, արժանի են մեծ հարգանքի. ճշմարտությունը չես կարող թաքցնել». Մոնսերատ Կաբալիե

2013թ. հունիսին «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» (The island of Christianity: Armenia and Artsakh) նախագծի շրջանակներում Հայաստան և Արցախ այցելեց աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեն (Montserrat Caballe): Իր դստեր` ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտիի և ստեղծագործական խմբի հետ նա այցելեց Շուշիի Մայր Տաճար` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար եկեղեցի, հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Երևանում հունիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Աշխարհահռչակ երգչուհին այդ օրն առաջին անգամ կատարեց նաև Կոմիտասի «Կռունկ» և «Չինար ես» ստեղծագործությունները: Նախագծի շրջանակներում Մոնսերատ Կաբալիեն հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, վարպետության դաս անցկացրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, այցելեց Հայաստանի եկեղեցիներ` Նորավանք, Գեղարդ, Սբ. Էջմիածին, և այլն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգևատրեց ՀՀ պետական բարձր պարգևով` Պատվո շքանշանով` համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար:

Այդ օրերին աշխարհահռչակ երգչուհին իր դստեր հետ այցելել էր նաև Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել: Նախագծիգլխավորկազմակերպիչ աստղաֆիզիկոսԳարիկԻսրաելյանի հարցին, թե դեռևս կան երկրներ, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, ի՞նչն է պատճառը, որ որոշ երկրներում դիմադրություն կա այդ հարցի նկատմամբ և չեն ցանկանում առնչվել այս թեմային, երգչուհին պատասխանել է.

– Դա ամենուր շատ նուրբ հարց է: Ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև շատ այլ ազգերի դեպքում բախվում ես ցեղասպանության հերքման կամ չընդունման փաստերին: Սովորաբար ասում են, որ դա այդ երկրների չափազանցությունն է, որոնք վերապրել են դա… Բայց ճշմարտությունը չես կարող թաքցնել, քանի որ միլիոնավոր մարդիկ տարբեր վայրերում տուժել են ցեղասպանությունից, հետևաբար շատ առանձնահատուկ մի բան է: Եվ հիշում եմ, թե ինչպես էին մերժում հրեաների ցեղասպանությունը, Գերմանիայում դա ժխտել են, ասել են՝ սուտ էր, և որ գազախցիկներ գոյություն չէին ունեցել և այլն, և այլն: Բնականաբար դա բարբարոսություն է, և նա, ով այդպես է խոսում՝ ժողովրդի թշնամին է: Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը այնքան կարևոր է, որքան և մյուս երկրներինը, և այն երկրները, որոնք ընդունել են այդ փաստը, արժանի են մեծ հարգանքի, քանի որ ընդունել են ճշմարտությունը, և նրանք, ովքեր չեն ընդունում, շատ ավելի վատ է հենց իրենց համար, քանի որ այլ բան հնարավոր չէ ասել»:

Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

Monserat (2) Monserat (4) Monserat (3) Monserat (5) Monserat (6) Monserat (7) Monserat (8) Monserat (1)

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս