Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվել է բողոքի ակցիա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ի հիշատակ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի: Ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ:
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը և շարունակ վանկարկել են «Ամոթ»: Բացի այդ, նրանք պահանջել են Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտում:
Ակցիայի մասնակիցների ձեռքերին եղել են Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներ, ինչպես նաև «Չբացահայտված հանցագործը վտանգավոր է» գրությամբ պաստառ: Ակցիայի վերջում հնչել է Հայաստանի օրհներգը:
Ակցիային մասնակցել է նաև Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը, ով հայտարարել է. «Հայաստանի ժողովուրդն ուրախ է, որ Անկարան քայլեր է ձեռնարկում քաղաքակիրթ երկխոսության ուղղությամբ, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցությունները վստահություն չեն ներշնչում»: