Բաժիններ՝

Ապրիլի 21-27-ը՝ «իմունականխարգելման եվրոպական շաբաթ»

2004 թվականից սկսած, Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2007 թվականից:

ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաձեռնության նպատակը պատվաստումների կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումն է, որի արդյունքում, վերջիվերջո, լրացուցիչ հնարավորություններ են ընձեռվում պատվաստումների միջոցով բնակչությանը զերծ պահել դեռևս գրանցվող վարակիչ հիվանդություններից՝ դրանով իսկ նպաստելով հաշմանդամության և մահացության նվազեցմանը:

Գայանե Սահակյանի խոսքերով. «Այս շաբաթի շրջանակներում իմունիզացիայի քարոզարշավ է լինում և լրացուցիչ հնարավորություններ են ընձեռվում ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրել այդ երևույթին: Ամբողջ աշխարհում այդ օրերին իրականացվում են զանգվածային միջոցառումներ՝ տարբեր թիրախային խմբերի համար, իմունիզացիայի վերաբերյալ պարզաբանումներով և մեկնաբանություններով հանդես են գալիս հասարակական ակտիվիստները, ինչպես նաև պետական և հասարակական գործիչները և նշանավոր անձինք:

Դասընթացներ են իրականացվում մայրիկների համար առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում գործող մայրական դպրոցներում կամ կանանց կոնսուլտացիաներում՝ ապագա մայրերի համար»:

Կարդացեք նաև

Տիկին Սահակյանի տեղեկացմամբ` այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը մեկնարկելու է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը. «Վերջին տարիներին նախաձեռնությունն ավելի լայն թափ է ստացել, յուրաքանչյուր տարի ընտրվում է դեսպան, որը լինում է հասարակության շրջանում հայտնի մարդ՝ դերասան, հասարակական գործիչ, և այլն, և դեսպանն ինքը մասնակցում է միջոցառումներին ու նրա խոսքի, քարոզի միջոցով` բնակչությանը մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ կան դեռևս այնպիսի վարակիչ հիվանդություններ, որոնք կարելի է կանխել, մեկ դեղաչափ պատվաստումով կարելի է երեխային կամ մեծահասակին պաշտպանել և չթողնել, որ հիվանդանա»:

Մեզ հետ զրույցում Գայանե Սահակյանն ասաց, որ մեր երկրում վերջին երկու տարում իմունիզացիայի շաբաթի հիմնական թիրախը մեծահասակ բնակչությունն է. «Եթե մանկական բնակչության շրջանում լուրջ հաջողություններ են աշխարհում գրանցվել, և յուրաքանչյուր տարի պատվաստումների միջոցով աշխարհում շուրջ 3 միլիոն մարդու կյանք է փրկվում, ապա նույնը չենք կարող ասել մեծահասակ բնակչության համար: Պետք է ասեմ, որ Հայաստանը մի փոքր տարբերվում է աշխարհի բոլոր երկրներից, որովհետև մենք մեծահասակ բնակչության շրջանում նույնպես պատվաստումներ անում ենք, և միջազգային ժողովների, հանդիպումների ժամանակ արդեն Հայաստանի օրինակը, որպես մոդել, կիրառվում է: Շատ քիչ երկրներում են մեծահասակ բնակչության շրջանում նման միջոցառում անում:

Ճիշտ է, թեև նույն հաջողությունը մենք չենք գրանցում մեծահասակների շրջանում, ինչպես մանկական ազգաբնակչության շրջանում, բայց բոլոր դեպքերում` կա պետական մոտեցում, և մենք փորձում ենք նաև մեծահասակ բնակչությանը պաշտպանել վարակիչ հիվանդություններից»:

Գայանե Սահակյանի ներկայացմամբ, այսօր ամբողջ աշխարհում խնդիր է պատվաստումներից հրաժարվողների բանակի մեծացումը:
Կան ծնողներ, ովքեր տարբեր պատճառներով հրաժարվում են իրենց երեխաների պատվաստումներից: Սակայն, ըստ տիկին Սահակյանի, բարեբախտաբար, հրաժարվողների տոկոսը Հայաստանում այնքան էլ մեծ չէ: Թիրախային խմբերում այն ընդամենը 2-3 տոկոս է կազմում:

Սակայն խնդիրն այն է, որ տարիների ընթացքում այս 2-3 տոկոսը կուտակվելով` վիթխարի զանգված է դառնում՝ վտանգ ներկայացնելով նույնիսկ պատվաստվածների համար, քանի որ, պարզ պատճառով, ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսով չի պաշտպանում վարակիչ հիվանդությունից:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի խոսքերով` պատվաստումներից հրաժարվելուն «նպաստում» է նաև համացանցը, որից օգտվող քաղաքացին կարող է այդ թեմայի մասին ապատեղեկատվություն ստանալ և դրանով իսկ որոշում կայացնել. «Այդ պատճառով էլ, այդ քարոզների, կարգախոսների միջոցով փորձում ենք հասարակությանը բացատրել, պարզաբանել ու մեկնաբանել, որ կան տեղեկատվությունը վերցնելու հավաստի աղբյուրներ, որտեղ ապացուցողական բժշկության տվյալներն են տեղադրվում: Դրանք հիմնականում, հիվանդությունների վերահսկման, կանխարգելման կենտրոններն են` Ատլանտայում, ԱՄՆ-ում, որովհետև նրանք ունեն շատ հարուստ բազա, ֆինանսապես ապահովված են և կարող են իրենց թույլ տալ լայնածավալ, կլինիկական հետազոտություններ, և այդ ամփոփ տեղեկատվությունը տեղադրվում է նրանց պաշտոնական կայքում: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հենց այդ կայքերից օգտվեն»:

Գայանե Սահակյանը հերքում է նաև այն թյուր տեղեկատվությունը, թե հատկապես կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստանյութից հետո երեխաների մոտ աուտիզմ է առաջանում. «Նման բան չկա, քանի որ այդ առիթով երկու լայնածավալ հետազոտություն է արվել Ամերիկայի Սի Դի Սի-ի կողմից, և այդ հետազոտությունների արդյունքները հասանելի են նրանց կայքում: Կան թարմ տվյալներ ռիսկի գործոնների վերաբերյալ: Շատ մեծ հետազոտություններ են արվել նաև հենց աուտիզմի ուղղությամբ և պարզվել են` որոնք են ռիսկի գործոնները, ո՞ր դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ աուտիզմ, ի՞նչը կարող է նպաստել աուտիզմի առաջացմանը, և այսօր արդեն ապացուցված է, որ աուտիզմի հիմնական ռիսկային գործոնը գենային մուտացիաներն են:

Իմունիզացիայի մեկ շաբաթի ընթացքում փորձում են մեկնաբանել` ինչու պատվաստվել, հիմնական թիրախը, որի համար արվում է այդ տեղեկատվական արշավը, ծնողներն են: Նույնիսկ լավ տեղեկացված ծնողներին մեկ անգամ ևս բացատրել, թե ինչո՞ւ պետք է պատվաստվել, որո՞նք են այն հայտնի պատճառները, և այլն: Քարոզարշավի ընթացքում ներգրավում ենք լրատվամիջոցներին և օգտագործում այն տեղեկատվական աղբյուրները, որոնցով հնարավոր է մեկնաբանություններ անել, պարզաբանումներ տալ: Մեկ անգամ հնչեցվում է այդ թյուր կարծիքը, և մեկնաբանությունը տրվում է, թե ինչո՞ւ դա ճիշտ չէ, ինչո՞ւ պետք է պատվաստվել: Այսինքն՝ այդ ամբողջ տեղեկատվական արշավի նպատակն է` մեկ անգամ ևս հանրության իրազեկվածությունը բարձրացնել, դրա արդյունքում` բարելավել պատվաստումներում ենթակա մարդկանց ընդգրկումը և դրանով կանխել կառավարելի վարակիչ հիվանդությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս