Արևմուտքի գլխավոր սխալն այն էր, որ նա ՌԴ-ից ակնկալում էր քաղաքակիրթ պահվածք՝ գոնե եվրոպական տիրույթում. Միրկադիրով
Ադրբեջանական «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովն իր կալանավորումից առաջ գրած վերջին հոդվածում անդրադարձել է «Պուտինի կանաչ մարդուկներին»:
Այս տարվա մարտի 2-ին Ղրիմում հայտնվեցին ռուսական ժամանակակից զենքով ու տեխնիկայով զինված, սակայն առանց տարբերակիչ նշանների հազարավոր անհայտ անձինք: Թեև փաստերը վկայում են, որ նրանք ՌԴ-ի զինծառայողներ են, սակայն ռուսական կողմը հերքում է դա: Դրանից հետո նրանց սկսել են անվանել «կանաչ մարդուկներ»:
Իր հոդվածում Միրկադիրովը վստահեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով «կանաչ մարդուկները» կարող են հայտնվել հետխորհրդային տիրույթի ցանկացած կետում.
«Ուկրաինայի հարավ-արևելքի բռնազավթման դեպքում Պուտինը որոշ ժամանակ անց իրեն կվերագրի Ռուսաստանի ընդլայնման համար ողջ փառքը: Տեղի ունեցածից պետք է կատարել ևս մեկ եզրակացություն, որն անմիջականորեն առնչվում է մեզ: Տարվում է տեղեկատվական-գաղափարական ակտիվ նախապատրաստություն՝ հետխորհրդային տիրույթում հետագա ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:
Ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանը պատրաստ չէ հետխորհրդային տիրույթում Արևմուտքի հետ քաղաքական-տնտեսական ազնիվ մրցակցությանը, քանի որ օժտված չէ անհրաժեշտ ռեսուրսներով: Պարտվողական դրության մեջ անխուսափելիորեն հայտնվելու պատճառով էլ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ խաղալ քաղաքակիրթ կանոններով անգամ եվրոպական տիրույթում:
Հետևաբար, Ռուսաստանը, առանց ուժային բաղադրիչի, չի կարող իրագործել դեպի Արևմուտք ընդլայնվելու նախագիծը: Արևմուտքի գլխավոր սխալն այն էր, որ Վաշինգտոնում ու Բրյուսելում հուսով էին, որ Ռուսաստանը կցուցաբերի քաղաքակիրթ պահվածք գոնե եվրոպական տիրույթում:
Իսկ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր տարաբերակի դեպքում Ադրբեջանը Պուտինի կողմից դիտարկվում է որպես զոհ, եթե իհարկե Արևմուտքը չկարողանա կանգնեցնել նրան: Այլ կերպ ասած՝ ընդհանրապես պարտադիր չէ, որ թալիշներն ու լեզգիներն իրական ցանկություն հայտնեն Ադրբեջանից անջատվելու մասին:
«Կանաչ մարդուկները»՝ որպես սուպերմեններ, սպայդերմեններ ու բեթմեններ, կարող են հայտնվել յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր ժամանակ: Հենց այդ մասին է վկայում Պուտինի գոյությունը»: