Դաշնակցությունը կոալիցիայի մաս չի կազմելու

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) նորընտիր Գերագույն մարմնի անդամներ Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը ներկայացրեցին ՀՅԴ 18-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ ասվում է, որ Գերագույն մարմինը (ԳՄ) պետք է առավելագույնն անի որակական փոփոխություններով ազգային պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակների շուրջ քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբում ձևավորելու համար:

«Արդարության հաստատումը, ՀՀ քաղաքացիների ազատ, արժանապատիվ կյանքի երաշխավորումը, ինքնիշխանության սահմանափակումներ թույլ չտալը, աղետալի արտագաղթի կասեցումը, աղքատության նվազեցումը, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորումը, Հայ դատի և Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը շարունակելու են մնալ կուսակցության գործունեության գերակա ուղղությունները»:

Խոսելով Արսեն Համբարձումյանի և Սպարտակ Սեյրանյանի՝ ՀՅԴ ԳՄ-ում չընտրվելու մասին` Աղվան Վարդանյանն ասաց. «Մեր երկու ընկերները չեն ընտրվել իրենց իսկ ցանկությամբ, իրենք, իսկապես, և´ անձնական խնդիրներով, և´ որոշակի դժվարություններ ունենալով՝ ցանկություն չհայտնեցին լինել Գերագույն մարմնում: Այստեղ որևէ այլ մեկնաբանություն, որևէ այլ բան մի փնտրեք, որովհետև անիմաստ է: Մեր ամենափորձառու ընկերներն են և շարունակելու են գործել Գերագույն մարմնի հետ: Գերագույն մարմինը միայն 11 հոգին չէ: Մենք ունենալու ենք տարբեր ուղղություններով աշխատանքներ, կազմակերպչական, քարոզչական և այլն, և ես վստահեցնում եմ, որ առաջիկայում դուք նրանց կտեսնեք տարբեր աշխատանքների մեջ: Անիմաստ մեկնաբանությունները բացարձակ տեղին չեն»:

Արմեն Ռուստամյանի խոսքով` արդեն վերջնականապես կարելի է ասել, որ Դաշնակցությունը կոալիցիայի մաս չի կազմելու. «Ժողովն ինքն է ասում, որ պետք է շարունակի գործել ընդդիմության հարցում: Այսինքն` այս ամենը վերահաստատվել է: Դաշնակցության ընդհանուր քաղաքական ուղեգիծը, որ մինչև հիմա Գերագույն մարմինն արել է, վերահաստատվել է լիարժեքորեն»:

Կարդացեք նաև

Ա. Ռուստամյանն ասաց, որ իրենք հրապարակել էին իրենց` երկրի զարգացման 7 կետերից բաղկացած առաջարկությունների փաթեթը, և Գերագույն ժողովը հայտարարում է, որ դա պետք է շարունակի լինել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաև իշխանությունների հետ հարաբերությունների առանցքում.

«Այսինքն` դրան համապատասխան որդեգրենք՝ ում հետ ինչ չափով ենք համագործակցում: Մենք հանդիպում ենք ունեցել նախագահի հետ և այդ հանդիպումից հետո մենք չունեինք այն ամբողջական երաշխիքը, որ այդ 7 կետերն ընդունվում են և պետք է իրականացվեն (որովհետև մի բան է՝ ընդունելը, մեկ այլ բան է՝ դրանից հետո իրականացնելը), մենք միայն դրանով կդիտեինք ամբողջական ընդունում: Սա տեղի չի ունեցել ըստ էության, բայց իշխանություններն այդ դուռը բաց են թողել այն իմաստով, որ իրենք ասում են՝ այդ 7 կետերին մենք անդրադառնալու ենք և մենք դեռ չունենք ամբողջական պատկերացումը, թե ո՞ր չափով այդ 7 կետերը կընդունվեն»:

Խոսելով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կատարած հայտարարության մասին` Աղվան Վարդանյանն ասաց. «Թռուցիկ ծանոթացել ենք հարցազրույցին: Սա մեզ չի վերաբերում, որովհետև մենք ի սկզբանե գտնում ենք, որ առկա կիսանախագահական այս համակարգը չի նպաստում մեր երկրի արդյունավետ կառավարմանը: Ակնհայտ է, որ մենք ունեցել ենք մի քանի նախագահական ընտրություններ, միշտ երկիրը հայտնվել է ցնցումների մեջ:

Ակնհայտ է, որ այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ և թելադրել: Եթե հիշում եք՝ 2005 թվականին Սահմանադրության փոփոխություններ եղան, նախկինը շատ ավելի նախագահական էր, բայց սա կիսատ մնաց, և, երբ մենք ասում ենք՝ խորհրդարանական համակարգի պետք է անցնենք, այստեղ մեզ համար հարց գոյություն չունի:

Այն, ինչ նախաձեռնել է իշխանությունը և ներկայացրել է Սահմանադրական դատարան, մենք խրվելու ենք դրա մեջ և մասնագիտական, սկզբունքային առումներով առաջարկություններ ենք անելու, որը խորհրդարանական ամենաժամանակակից, ճիշտ մոդելի ընտրություն պետք է լինի: Մենք սա փորձելու ենք անել և ապացուցել մյուս քաղաքական ուժերին, որ ճիշտ համակարգ է: Եթե իշխանությունը կորոշի գնալ այլ տարբերակով, դա արդեն մեր սկզբունքից դուրս կլինի: Դրա համար մեր և մյուսների մոտեցումները տարբերվում են»:

 

Տեսանյութեր

Լրահոս