
ՌԴ-ն ու նրա ահաբեկիչները ցուցադրաբար չեն պատրաստվում կատարել ժնևյան պայմանավորվածությունները. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն այսօր Կիևում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Տուրչինովի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Տուրչինովը ցավով նկատել է, որ Ռուսաստանն ու նրա ահաբեկչական ստորաբաժանումները, որոնք գործում են Ուկրաինայի տարածքում, ցուցադրաբար չեն պատրաստվում կատարել ժնևյան պայմանավորվածությունները:
Տուրչինովի խոսքերով՝ զինաթափվելու ու վարչական շենքերն ազատելու փոխարեն ահաբեկիչները վերստին Կրամատորսկում գրավել են ՆԳՆ-ի քաղաքային բաժնի շենքը և պատանդ վերցրել ոստիկանության ղեկավարին:
Տուրչինովը հավելել է, որ դրանով իսկ խախտվել են բոլոր պայմանավորվածությունները և այդպիսի պայմաններում Ուկրաինայի իշխանությունները հարկադրված են գործել ադեկվատորեն:
Տուրչինովը հայտարարել է, որ իրենք պլանավորում են աստիճանաբար վերականգնել իշխանական ինստիտուտների ողջ համակարգը և պետության ու քաղաքացիների միջև հարաբերությունները: Հանդիպման ժամանակ Բայդենն ու Տուրչինովն առանձին ուշադրություն են հատկացրել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի խնդրին: