Բաժիններ՝

Մենք կհասնենք 2023, իսկ մեր երեխաներն ու թոռները` 2053 և 2071 թվականների հետ կապված նպատակներին. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսի 10-ին ազգը կընտրի իր նախագահին: Էրդողանը հիշեցրել է, որ 2007 թվականի նախագահական ընտրություններից առաջ փորձել են խոչընդոտել իրենց հաղթարշավին, սակայն դա չի ստացվել:

Էրդողանն ընդգծել է, որ 12 տարի առաջվա իրենց երազանքն ի կատար է ածվել, և Թուրքիան այժմ կայուն ու անվտանգ երկիր է` չնայած հակառակին հասնելու «Գեզիականների», «դեկտեմբերի 17-ի», «դեկտեմբերի 25-ի» (2013թ.) փորձերի:

Էրդողանը ցավ է հայտնել, որ նախորդ տարվա մայիսին ու հունիսին մարդիկ «12-13 ծառի պատրվակով» դուրս եկան փողոցներ և «խաղացին տգեղ խաղ», և դա այն դեպքում, որ իրենք երկրում տնկել են 3 միլիարդ ծառ:

Էրդողանի խոսքերով` այդ ամենի նպատակը երկրին ծանր վնաս պատճառելն էր ու իշխանափոխություն իրականացնելը, ինչն Էրդողանը նմանեցրել է Եգիպտոսում տեղի ունեցած և ներկայումս Ուկրաինայի դեպքերի հետ:

Էրրդողանի խոսքերով` ազգն այդ ամենի պատասխանը լավագույնս տվեց մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում: Էրդողանը հավելել է, որ իրենք փոխել են Սահմանադրության 58 տոկոսը, ըստ որի` այսուհետ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, և այլևս նախագհական ընտրություններում չեն առաջանա ճգնաժամային իրավիճակներ:

Խոսելով Թուրքիայի տնտեսական հեռանկարների մասին` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետագայում էլ ավելի մեծ զարգացում է ապրելու և 2023 թվականին դառնալու է տնտեսական պլանում աշխարհի 10 խոշորագույն երկրներից մեկը:

Էրդողանը, սակայն, ավելի իրատեսական է համարում 2023 թվականին Թուրքիայի` 14-րդ տեղում հայտնվելը` հավելելով, որ 10-րդ տեղի համար պետք է շատ ավելի լուրջ աշխատանք:

Նա ընդգծել է, որ իրենք կհասնեն 2023 թվականին իրենց առջև դրված նպատակներին, իսկ իրենց երեխաներն ու թռները կհասնեն համապատասխանաբար 2053 և 2071 թվականների հետ կապված նպատակներին:

Հիշեցնենք, որ 2023 թվականին լրանալու է Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (29.10.1923), 2053 թվականին՝ օսմանյան սուլթան Մեհմեթ II Ֆաթիհի (Նվաճող) կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավման՝ 600-ամյակը (29.05.1453), իսկ 2071 թվականին՝ սելջուկյան սուլթան Ալփ-Արսլանի կողմից Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերին պարտության մատնելու 1000-ամյակը (26(19).08.1071), ինչը սելջուկների համար ճանապարհ հարթեց դեպի Փոքր Ասիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս