Բաժիններ՝

«Այո, հեռախոսային կարճ խոսակցություն ունեցել եմ, բայց դա եղել է վթարի վայրից առաջ». Վարդան Պետրոսյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը: Դատարան չեն ներկայացել գործով տուժողներ Արթուր, Հայկ, Տաթևիկ, Էմմա Հակոբյանները, ինչպես նաև տուժողների իրավահաջորդներ Աննա Կարապետյանն ու Նաիրիա Հաարապետյանը: Վերջիններս դատարանին դիմումով հայտնել էին, որ նախորդ դատական նիստի ժամանակ տեղեկացել են՝ պաշտպանական կողմը շարունակելու է միջնորդություններ ներկայացնել, և դատարանը չի անցելու բուն դատաքննությանը: Այդ պատճառով տուժողները խնդրել էին հարգելի համարել իրենց բացակայությունը՝ նշելով, որ իրենց առարկությունները ներկայացնում են իրենց փաստաբանները:

Նիկոլայ Բաղդասարյանը դատարան ներկայացրեց մի շարք փաստաթղթեր՝ միջնորդելով դրանք կցել քրեական գործին: Պաշտպանի խոսքով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ բնակավայրերում երևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, բնակավայրից դուրս՝ առավելագույնը 90 կմ/ժ: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պարզելու համար արդյոք վթարի վայրը բնակավայր է, թե ոչ, նախաքննական մարմինը դիմել է մասնավոր ընկերությանը, որի ինժեները հայտնել է, որ վթարի վայրը բնակավայր է: Ն. Բաղդասարյանի խոսքով՝ իր կողմից հարցում է արվել Կոտայքի մարզպետին՝ պարզելու՝ արդյոք վթարի վայրը բնակավա՞յր է, թե՞ ոչ: Պաշտպանի խոսքով՝ իրեն պատասխանել են, որ վթարի վայրը գտնվում է բնակավայից դուրս: Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությամբ հարցումն ու պատասխան գրությունը կցվեցին գործին: Վ. Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ինքը բազմիցս երթևեկել է այդ ճանապարհով, բայց իմացել է, որ այն բնակավայր չէ, խճուղի է: Նշենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա «ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ»: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում նշված է՝ նա օգտվել է հեռախոսակապից, և նման դեպքերում անմիջապես հարցում են ուղարկում հեռախոսային օպերատորներին՝ ստանալու հեռախոսային խոսակցությունների վերծանումները, սակայն այս գործով, որտեղ վիճարկվում է այ փաստը, նման գործողություն չի արվել: Ն. Բաղդասարյանն ասաց, որ իրենք են կատարել այդ հարցումը, պատասխան ստացել օպերատորից: Ն. Բաղդասարայնը միջնորդեց այդ պատասխանը ևս կցել քրեական գործին, Վարդան Պետրոսյանը միացավ իր պաշտպանին և հայտարարեց. «Այո, հեռախոսային կարճ խոսակցություն ունեցել եմ, բայց դա եղել է վթարի վայրից առաջ»: Պաշտպանի միջնորդությամբ այդ և մի շարք այլ փաստաթղթեր կցվեցին քրեական գործին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս