ՀՀ ֆինանսական համակարգը ունակ է դիմագրավելու տարբեր տիպի շոկերին. ԿԲ
«ՀՀ ֆինանսական համակարգը շարունակում է մնալ կայուն և ունակ է դիմագրավելու տարբեր տիպի շոկերին: Որպես ռիսկային դիտարկվում է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները և աշխարհաքաղաքական զարգացումները: Մեր գնահատականով՝ դա էական ազդեցություն դեռևս չի ունեցել և մոտ ապագայում չի ունենա»,- այսօր ԿԲ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ ֆինանսական հաստատություններում էական տեղ է զբաղեցնում վարկային ռիսկը, ինչը սակայն այլ երկրների համեմատ հիմնականում գնահատվում է ցածր: Ա.Գրիգորյանի խոսքով՝ իրականացված սթրես թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը բավարար իրացվելի է և կապիտալիզացված՝ շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար: Նա նշեց, որ ֆինանսական համակարգում տաբերակումը մեծանում է, ինչը նպաստում է ռիսկերի նվազմանը, մասնավորապես՝ էականորեն նվազել է բանկերի տեսակարար կշիռը՝ տեղը զիջելով վարկային կազմակերպություններին և այլոց, աճել է ֆինանսական միջնորդությունը, որը ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության աճի արդյունք է:
Ա.Գրիգորյանը տեղեկացրեց, որ չաշխատող վարկերի պորտֆելը ԱՊՀ երկրների մեջ բավականին ցածր է: Թե ինչպե՞ս կազդի ՌԴ-ում առկա իրավիճակը մեր ֆին.համակարագի վրա, վարչության պետը պատասխանեց. «ՌԴ ազդեցությունը երոկւ ուղղությամբ է՝ որպես առևտրային խոշոր գործընկեր և տրանսֆերտների գծով: Տրանսֆերտները շարունակում են աճել, ինչը դրական է ազդում ֆինանսական կայունության վրա: Արտահանումը նույնպես աճում է և դրական է ֆինանսական համակարգի համար»:
Ա.Գրիգորյանը հայտնեց, որ ՀՀ-ում դոլարիզացիայի մակարդակը մոտ 65% է, անցած տարի դոլարիզացիայի շատ փոքր նվազում է եղել, բայց քանի որ արտարժութային դիրքերը փակ են, դա էական ազդեցություն չունի համակարգի վրա: