2014 թվականի առաջին եռամսյակին վրացական գինու արտահանումն աճել է 243 տոկոսով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի առաջին եռամսյակին Վրաստանն արտահանել է 15.488.184 շիշ գինի (0.75 լիտր): Դա 243 տոկոսով գերազանցել է 2013 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը: Այս մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ վրացական գինին ամենաշատն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան ու Լատվիա: Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանին բաժին է ընկել վրացական գինու արտահանման 71.1 տոկոսը:
2014 թվականի առաջին եռամսյակին Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 11.013.446 շիշ գինի, որի արժեքը կազմել է 51.202.154 դոլար: Դա 290 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այս տարվա առաջին եռամսյակին վրացական կոնյակի արտահանման ծավալը կազմել է 3.94 միլիոն շիշ (0.5 լիտր): Դրամական արտահայտությամբ դա կազմում է 14.5 միլիոն դոլար, ինչը 113 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: Վրացական կոնյակն ամենաշատն արտահանվել է Ուկրաինա՝ 2.504.000 շիշ, և Ռուսաստան՝ 1.242.000 շիշ:
2013 թվականին վրացական գինու արտահանումն աշխարհի 48 երկիր կազմել էր 44.654.359 շիշ, ինչը 96 տոկոսով գերազանցել էր 2012 թվականի ցուցանիշը: Դրանցից 21.784.510 շիշն արտահանվել էր Ռուսաստան: