Երևանում 2014 թվականին կհիմնանորոգվի 23 փողոց

2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման:

Առանձին փողոցներում կկատարվի նաեւ մայթերի ասֆալտապատում, կկառուցվեն թեքահարթակներ ու հին եզրաքարերը կփոխարինվեն նորերով:

Շուրջ 200 թեքահարթակ էլ կներկառուցվի այն փողոցներում, որոնցում հիմնանորոգման ծրագիր չի իրականացվելու: Որպես մայթերի բարեկարգման այլընտրանքային տարբերակ, շուրջ 500 միլիոն դրամի սահմաններում կսալիկապատվեն կամ նոր սալիկներով կլրացվեն մի շարք փողոցների մայթեր: Ճանապարհների ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ կիրականացվեն 780 հազար քմ տարածքում, որոնցից 395 հազար քմ-ն՝ փողոցներ և 380 հազար քմ-ն՝ բակային տարածքներ:

Այս տարի ևս կշարունակվի հողային կամ գրունտային ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրվել է «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար:

Մինչ ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկը, այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում վերացվում են փոսերը: 2012-2013 թվականներին ասֆալտապատված այս փողոցներում ի հայտ եկած որոշակի թերությունները, որպես պայմանագրային նորմ, ճանապարհաշինական ընկերությունները վերացնում են սեփական միջոցներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս